«Չելսիի» հետ խաղում «Հալ Սիթիի» կիսապաշտպանը կոտրել է գանգոսկրը. տեսանյութ
Անգլիայի առաջնության 22-րդ տուրում առաջատարի` «Չելսիի» հետ խաղի (0:2) ժամանակ «Հալ Սիթիի» կիսապաշտպան Ռայան Մեյսոնը ծանր վնասվածք է ստացել:
Հանդիպման 14-րդ րոպեին գնդակի համար պայքարում Մեյսոնը գլխով բախվել էր «Չելսիի» ավագ Հարի Կեհիլի գլխին և կոտրել գանգոսկրը: Ֆուտբոլիստին խաղադաշտում մոտ 10 րոպե բուժօգնություն ցուցաբերելուց հետո պատգարակով դուրս են բերել և միանգամից տարել հիվանդանոց:
«Հալ Սիթին» հայտարարել է, որ Մեյսոնը հաջողությամբ վիրահատվել է և կայուն վիճակում է գտնվում: Ֆուտբոլիստը մի քանի օր կմնա Լոնդոնի Սենթ-Մերի հիվանդանոցի նյարդաբուժության բաժնում: