211652_close_icon
views-count3508 դիտում article-date 19:40 24-01-2017

Հայաստան-Եվրամիություն բանակցություններն ավարտելը լուրջ իրադարձություն կլինի 2017-ին. Պյոտր Սվիտալսկի

Մենք բանակցությունների վերջին փուլերում ենք: Շատ ծանր աշխատանք է իրականացվում թե՛ Հայաստանի, թե՛ Բրյուսելի կողմից: Կոնկրետ ամսաթվի մասին խոսել չենք կարող, բայց եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա բանակցությունն ավարտելը լուրջ իրադարձություն կլինի 2017թ.-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Հարցին՝ հնարավո՞ր է, որ շրջանակային համաձայնագիրը ստորագրվի մինչև ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները, Սվիտալսկին պատասխանեց, որ Եվրամիությունը կաշկանդված չէ Հայաստանի ներքաղաքական զարգացումներով: Հարցին, թե ի՞նչն է խանգարում վաղը ստորագրել շրջանակային համաձայնագիրը, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Սովորաբար, նմանատիպ երկկողմ համաձայնագրերի տեմպն ավելի երկար են տևում: Գուցե հայկական դիտանկյունից այլ տպավորություն է, բայց ԵՄ տեսանկյունից բանակցություններն արագընթաց են: Եթե հաշվի առնենք նաև հանդիպումների հաճախականությունը, ապա այն իսկապես ճեպընթաց է եղել: Չլուծված խնդիրներ կան, որոնք քաղաքական առումով այդքան դժվար լուծելի չեն: Բայց չլուծված խնդիրների առկայությունը պատճառ չենք տեսնում կասկածի տակ առնելու այդ խնդիրների լուծումը ողջամիտ ժամկետում»: Ճշտող հարցին՝ թե ի՞նչ խնդիրներ են, դեսպանը պատասխանեց, որ դրանք ի հայտ եկան 2013թ.-ից հետո, երբ Հայաստանն ընտրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ճանապարհը և դադարեցվեց Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունը: «Խնդիրները կապված են ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության և որոշ այլ զարգացումների հետ: Իսկ Եվրամիության կողմից էլ կապված են ներդրումների պաշտպանության շուրջ քննարկումների հետ: Սրանք նոր գործոններ են հայկական կողմի համար, որոնց հարմարվել է պետք: Մենք պետք է խուսափենք գործընթացն արագացնելուց, որովհետև հարցեր կան, որոնք խորհել են պահանջում»,- հայտնեց Պյոտր Սվիտալսկին:

Նմանատիպ նյութեր