211652_close_icon
views-count1669 դիտում article-date 18:42 09-02-2017

Տրանսպորտի նախարարն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ ավարտվում են «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի շինարարական աշխատանքները: Նախարարը շրջեց ձեռնարկության տարածքում և ծանոթացավ կատարված աշխատանքներին ու նախատեսվող ծրագրերին: «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի գործարկման նպատակն է ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում: «ԵրՄՄԳՀԻ» ՓԲ ընկերության տնօրեն Արսեն Թառոյանի ներկայացմամբ` «Հայ Տեք» կենտրոնը գործունեություն է ծավալելու չորս հիմնական ուղղություններով՝ ուսումնական և որակավորման, լուծումների մշակման, կիբերանվտանգության և ինկուբացիոն դեպարտամենտներով: Կիբերանվտանգության դեպարտամենտը դառնալու է հարթակ կիբերանվտանգության խնդիրները բացահայտելու և լուծումներ մշակելու, ինչպես նաև մասնագետներ պատրաստելու և վերապատրաստելու համար: Կենտրոնում գործելու են նաև «Մայքրոսոֆթ»-ի և «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գրասենյակները: Կենտրոնի հենքի վրա հիմնվելու է ռազմական ինկուբատոր, որտեղ իրենց գործունեությունը կծավալեն մասնավոր ընկերություններ: Նրանք կներգրավվեն պաշտպանական ոլորտի խնդիրներ լուծելու գործում, ինչպես նաև ձեռք բերված փորձը կկիրառեն քաղաքացիական խնդիրների լուծումներ մշակելու համար։ Այնուհետև նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Կարեն Վարդանյանին: Քննարկվեցին ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընկերությունների առաջխաղացման ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր