211652_close_icon
views-count1060 դիտում article-date 21:09 23-01-2025

ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ հունվարի 22-ին այցելել է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» վերազգային կորպորացիայի կողմից հիմնված PMI Science (Փի Էմ Այ Սայնս) գիտահետազոտական կենտրոն, որը «Ֆիլիպ Մորրիս»-ի կողմից հիմնված խոշոր գիտահետազոտական կենտրոններից մեկն է՝ Շվեյցարիայի, Չինաստանի ու Իտալիայի կենտրոնների հետ միասին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, կենտրոնում իրականացվող նպատակային աշխատանքներն ու զարգացման ծրագրերն են նախարարին ներկայացրել  «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի պրոդուկտների և դրանց ստեղծման և զարգացման ընթացքի տեխնոլոգիայի փոխնախագահ Լուկա Ռոսսին և PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար  Գուրգեն Մադոյանը։

«Կարևորելով PMI Science գիտահետազոտական կենտրոնի դերը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման ու առաջընթացի համատեքստում՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է գիտահետազոտական (R&D) ուղղության զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության մոտեցումները, որոնք արտահայտված են վերջերս ընդունված և 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում։

 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի արտաքին կապերի և գիտական ներգրավվածության գծով կառավարիչ Վիկտորիա Պողոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին և ենթակառուցվածքներին, հայկական ինժեներական գործընկեր կազմակերպությունների աշխատակիցները ներկայացրել են կենտրոնի հետ համատեղ ընթացիկ գործունեությունը, տարվող աշխատանքներն ու հնարավորությունները:

 Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում Մաթեմատիկական գիտությունների կենտրոնի աշխատակիցների հետ՝ կենտրոնի ղեկավար Նարեկ Մելքոնյանի գլխավորությամբ։ Նախարարին են ներկայացվել ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև աշխատանքի ընթացքում ծագած խնդիրները։ Քննարկվել են խնդիրների լուծման մի շարք հնարավորություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնի մագիստրոսական և դոկտորական աստիճանների շահառուների, հրավիրված գիտնականների հետ էլ կայացել է կլոր սեղան-քննարկում՝ ֆունդամենտալ և կիրառական գիտության զարգացման մեջ մասնավոր ընկերությունների դերի, իրականացվող աշխատանքների, այդ ճանապարհին ծագած խնդիրների վերաբերյալ։

«Մխիթար Հայրապետյանն, անդրադառնալով այս ուղղությամբ ՀՀ կառավարության առաջնահերթություններին, նշել է, որ մեծ կարևորություն է տրվում գիտության զարգացմանը, որի առանցքում գիտության և տեխնոլոգիաների վրա հիմնված գիտահեն, ինքնաբավ տնտեսության կառուցումն է, որում կարևորագույն դերակատարություն ունի  նորարարությունը։ Այս համատեքստում՝ նախարարն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից գիտության ոլորտի զարգացման համար կատարվող ներդրումները։ Քննարկվել են Հայաստանում գիտության առաջընթացին ուղղված մի շարք հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել նաև այս ոլորտում ունեցած ավանդույթներին, նվաճումներին ու ձեռքբերումներին, դրանց շարունակականությանը։

 Պայմանավորվածություն է ձեռք բերվել   առաջիկայում  առավել մանրամասն քննարկումներ ունենալ այս ուղղությամբ»,- հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից՝ հավելելով, որ այցի շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է նաև համալսարանի  տարածքով, ծանոթացել PMI Science-ի աջակցությամբ կառուցվող գիտական այգուն և բարեկարգման աշխատանքներին։

Նմանատիպ նյութեր