211652_close_icon
views-count1693 դիտում article-date 22:38 21-02-2017

ԵՊՀ-ում՝ Որակի շաբաթվա շրջանակներում, քննարկվել են երիտասարդ դասախոսների խնդիրները

Երիտասարդ դասախոսների խնդիրները քննարկվեցին այսօր Որակի շաբաթվա շրջանակներում ԵՊՀ-ում տեղի ունեցած աշխատաժողովի ընթացքում: Ողջունելով մասնակիցներին՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորեց դասախոսների դերը որակի ապահովումը լսարան հասցնելու գործում՝ ընդգծելով, որ աշխատաժողովն անդրադառնում է հենց երիտասարդ դասախոսների խնդիրներին, քանի որ նրանք առավել շատ են միտված փոփոխությունների և նորարարությունների: Քննարկման ընթացքում ևս շեշտվեց, որ կարևոր է երիտասարդ դասախոսների մեծաքանակ ներկայությունը բուհերի պրոֆեսորադասախոսական կազմում, մինչդեռ ներկայում մի շարք ուսումնական հաստատություններ երիտասարդ դասախոսների պակաս ունեն: Տարբեր բուհերի երիտասարդ դասախոսները քննարկեցին գնահատման կարևորությունը ժամանակակից լսարանում՝ փորձելով ընդհանուր բանաձև դուրս բերել՝ հասկանալու, թե ինչ է անհրաժեշտ ուսանողներին հաջողության հասնելու համար: Դասախոսները փաստեցին, որ գնահատման առաջնային նպատակը պետք է լինի սովորեցնելը, ոչ թե դասը չսերտած ուսանողին բացահայտելը: Նշվեց, որ ուսանողի անբավարար գնահատականի համար պատասխանատու է նաև դասախոսը, քանի որ գնահատականը փաստում է, որ ուսուցման գործընթացում ինչ-որ բան ձախողվել է: Մասնագիտության կրթական ծրագրերի բարեփոխումներին անդրադառնալով՝ երիտասարդ դասախոսները կարևորեցին ոչ միայն բարեփոխումները, այլ նաև դրանց արդյունքները դիտարկելը և դրանց հիման վրա հետագա բարելավումներ կատարելը: Միջոցառման մասնակից երիտասարդ դասախոսները կիսվեցին իրենց ուսումնական հաստատություններում առկա հաջողված փորձով: Այնուհետև ՈԱԱԿ փորձագետներ Գայանե Մարմայանը և Սոնա Սարգսյանը ներկայացրեցին որակի ապահովման և հավատարմագրման գործընթացները, փորձագիտական աշխատանքի էությունը և առանձնահատկությունները: Իսկ ՈԱԱԿ շահակիցների հետ կապերի պատասխանատու Լիլիթ Զաքարյանը մասնակիցներին ներկայացրեց ՈԱԱԿ փորձագիտական բազան և փորձագետ դառնալու ընթացակարգը՝ կոչ անելով ներկաներին որակի ապահովման գործընթացներում ներգրավվել նաև որպես փորձագետ: Քննարկվեց նաև որակի ապահովման աջակիցների ցանց հիմնելու գաղափարը: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փետրվարի 20-24-ը հայտարարել է կրթության որակի ապահովման շաբաթ: Միջոցառման շրջանակներում փետրվարի 20-ին քննարկվել են ուսանողներին հուզող խնդիրները, իսկ փետրվարի 22-ին՝ անդրադարձ կկատարվի մասնագիտության կրթական ծրագրերի և Որակավորումների ազգային շրջանակի համահունչությանը: Շաբաթը կամփոփվի «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» խորագրով երկօրյա համաժողովով, որը տեղի կունենա փետրվարի 23-24-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր