211652_close_icon
views-count4846 դիտում article-date 11:50 22-02-2017

«Փելեշյանը իր կենաց արմատի մասին է նկարել»․ Այսօր աշխարհահռչակ հայ ռեժիսոր-վավերագրող Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է

Ըստ էության, Փելեշյանի իրական մեծությունը, արժեքը մենք չենք ընկալում և գիտակցում, որովհետև նա այսօր անվերապահորեն կենդանի դասականի կարգավիճակ ունի, աշխարհի խոշորագույն կինեմատոգրաֆիստներից մեկն է և շատ մեծ սահմանափակում կլիներ, եթե նրան փորձեինք տեղավորել ընդամենը հայկական կինոյի կամ, նույնիսկ, խորհրդային կինոյի շրջանակում։ Դրանք այսօր շատ անձուկ կլինեին և մոտավորապես նույնը, ինչ վագրին կամ առյուծին փակեինք վանդակում. ահա այդ աստիճան նեղ կլիներ։ Աշխարհի տարբեր փառատոններում նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ են տեղի ունենում, որտեղ Փելեշյանը ներկայանում է իր ողջ փայլով և համաշխարհային կինոյում ունեցած մեծ ներդրումով, և այս ամենը կարծես անցնում է մեր կողքով։ Զավեն Բոյաջյան Փելեշյանին կարելի է անվանել բանաստեղծ, ասացող, կարելի է անվանել առասպելներ հյուսող։ Իհարկե կարելի՛ է նախևառաջ անվանել վավերագրող, բայց մենք անմիջապես կսխալվենք, եթե միայն այդպես դիտենք նրա արվեստը, որովհետև երբ «Մենք» ֆիլմն ես հիշում, հասկանում ես, որ ինքը բանաստեղծ է։ Չարենցականության մի զարմանալի ոգի կա այդ ֆիլմում, չարենցական չափ ու կշիռ, չարենցական հայացք՝ սեփական երկրին ու ժողովրդին։ Երբ «Տարվա եղանակներ» ֆիլմն ես դիտում, հասկանում ես, որ նա Թումանյանի հոգեզավակն է, վիպասան-փիլիսոփա է՝ համաշխարհային հայացքով…ընդ որում ինքը աշխարհի մարդ լինելու իրավունքը ունի, մարդկության և այս մոլորակի ճակատագրի մասին խորհելու իրավունքը ունի, որովհետև նկարել է «Մենքը» և «Տարվա եղանակները»: Փելեշյանը իր կենաց արմատի մասին է նկարել։ Դավիթ Մուրադյան

Նմանատիպ նյութեր