211652_close_icon
views-count1080 դիտում article-date 12:15 22-02-2014

Բացառիկ կինոհանճար. այսօր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է

«Բացառիկ կինոհանճար»: Այսպես է ժամանակին կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին անվանել Սերգեյ Փարաջանովը: Ա. Փելեշյանը համարվում է համաշխարհային վավերագրական կինոյի հայտնի դեմքերից: Նրա մշակած «տարածական մոնտաժի» մեթոդը նոր խոսք է կինոյի պատմության մեջ: Արտավազդ Փելեշյանը 1968 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964 թ.), «Մարդկանց երկիրը» (1966 թ.), «Սկիզբը» (1967 թ.) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են նուրբ ճաշակով, գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով: 1969 թ-ին նա նկարահանել է «Մենք» (Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ) կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն: «Տարվա եղանակները» (1975 թ.) և «Մեր դարը» (1982 թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1985 թ.) կինոպոեմներին բնորոշ են թե՜ նուրբ քնարականությունը, թե՜ էպիկական հզոր շունչը: Փելեշյանը պատկերահնչյունային մոնտաժի բարձր վարպետությամբ է ստեղծել «Վերջ» (1992 թ.) և «Կյանք» (1993 թ.) ֆիլմերը: Լավագույններից են նաև «Աշնանային հովվերգություն» (1971 թ.), «Աշնանային շուկայի գույները» (1985 թ.) կինոնկարները: Փելեշյանի կինոարվեստն ընդարձակել է «կինո» հասկացության սահմանները. ստիպում է վերանայել հանրահայտ ճշմարտություններ և պայմանականություններ: Նրա ֆիլմերը մեծ ճանաչում ունեն աշխարհում: Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»: Նա նաև նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում (1969 թ.)՝ Ռևազի դերում: Փելեշյանը «Տարածական մոնտաժ» (1974 թ., «Վոպրոսի կինոիսկուսստվա», պրակ 15) աշխատության մեջ շարադրել է մոնտաժի իր տեսությունը: Նա պարգևատրվել է ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.) շքանշանով, արժանացել Մեծ (2000 թ., միջազգային կինոփառատոն, Փարիզ), «Փարաջանովյան Թալեր» (2006 թ., «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, Երևան) մրցանակների:

Նմանատիպ նյութեր