211652_close_icon
views-count126447 դիտում article-date 16:32 25-02-2017

Հայրենի գյուղում հողին հանձնվեց 26-ամյա հերոսի աճյունը. հուղարկավորությանը ներկա էր նաև նրա՝ կենդանի լեգենդ հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 25-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Սուրբ Աստվածածին» եկեղեցուց Լոռու մարզի Ճոճկան գյուղ տեղափոխվեց նույն գյուղի բնակիչ, 26-ամյա Գոռ Խուդինյանի աճյունը։ Գ. Խուդինյանի աճյունը, ով հերոսաբար զոհվել էր փետրվարի 23-ին՝ Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված N զորամասում, հողին հանձնվեց հարազատ գյուղում։ Հուղարկավորությանը ներկա էին Հայաստանի պաշտպանության նախարարության, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի բարձրաստիճան սպաներ, հերոսի հարազատները, ընկերներն ու զինակիցները, մեծ թվով ոստիկանության ծառայողներ։ Ներկա էր նաև նրա հրամանատարը՝ կենդանի լեգենդ, գնդապետ Կարեն Ջալավյանը, ով միշտ բարձր է գնահատել հերոսաբար զոհված 26-ամյա Գոռի ծառայությունը։ Ինչպես ավելի վաղ Վանաձորից [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/24/1059799/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 24-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում սկսվել էր Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված N զորամասում զոհված Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ, կապիտան, 26-ամյա Գոռ Խուդինյանի հոգեհանգիստը։ Հոգեհանգստին մասնակցելու համար ժամանել էին մեծ թվով քաղաքացիներ ինչպես Լոռու մարզից, այնպես էլ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից։ Ժամանել էին նաև ՀՀ ՊՆ և Արցախի Պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներ՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի գլխավորությամբ: Հերոսի հոգեհանգստին ներկա են եղել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և նույն մարզի տարածքային բաժինների պետերը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի, Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Անուբախ Համբարյանը հերոսի ընտանիքին փոխանցել էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի ցավակցական խոսքը, իսկ հերոսի հարազատներն ու ընկերները իրենց շնորհակալությունն էին հայտնել Վ. Գասպարյանին՝ իրենց այս մեծ վշտի պահին սատար կանգնելու համար: Հերոսի հայրը աշխատում է ոստիկանության Լոռու մարզային վարչությունում, ով նույնպես՝ թե գործընկերների, և թե հարևանների մոտ համարվում է գործին նվիրված անձնավորություն: Ներկա էին նաև Լոռու մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ: Հոգեհանգստին մասնակցել էր նաև Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հոգեհանգստին ներկա էր նաև հերոսի մահով իր կյանքը հայրենիքին տված Գ. Խուդինյանի հրամանատարը՝ կենդանի լեգենդ, գնդապետ Կարեն Ջալավյանը, ինչպես նաև հերոսի զինվորական ու մարտական ընկերները, ովքեր իրենց ծառայության ընթացքում բազմաթիվ անգամներ վտանգելով իրենց կյանքը՝ անառիկ են պահել հայոց սահմանները։ 26-ամյա հերոսի հոգեհանգստին ժամանել էին նաև մեծ թվով երիտասարդ տղաներ, ովքեր թե՛ քառօրյա պատերազմին, թե՛ ծառայության ընթացքում ականատես են եղել Գ. Խուդինյանի հերոսություններին: Նրանք բոլորը եղել են նրա զինվորները ու միշտ հպարտացել են իրենց հրամանատարով: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծառայության ընթացքում նույնպես առաջնագծում սահմանն անառիկ պահող տղաներն ասում էին. «Ցավում ենք Գոռի մահվան համար, բայց նաև հպարտություն ենք ապրում, որ եղել ենք նրա զինվորները: Նա երբեք չի ընկճվել ու իր խոսքում միշտ հիշում էր Մեծն Մոնթեին. ամեն անգամ պոստերում մեզ ասում էր՝ ուս- ուսի պետք է պահենք էս պոստերը, որ հակառակորդը չկարողանա իր նպատակներին հասնել: Եթե էս պոստերն անառիկ պահենք, իմացեք՝ մեր տունն էլ է անառիկ մնալու: Այդ չարաբաստիկ դեպքի օրը նա նույնպես մի քանի ժամ իր զինակից ընկերների հետ հերոսաբար մարտնչել է նենգ թշնամու դեմ և իրեն վստահված պոստերն անառիկ է պահել՝ իր կյանքի գնով»: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 287+
287+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր