211652_close_icon
views-count5083 դիտում article-date 16:30 05-03-2017

Մենք ունենք ժողովրդին հուզող հարցերի պատասխանը, ներկան փոխելու կամքը ու վճռականությունը. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ, ՀՀԿ Նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը ելույթի խոսքով է հանդես եկել նախընտրական քարոզարշավի բացման արարողության ժամանակ. «Հարգելի գործընկերներ, Մեկնարկում է քարոզարշավը, շատ կարևոր և պատասխանատու փուլ, որի ընթացքում մենք հնարավորություն կունենանք հանրությանը ներկայացնելու մեր ծրագիրը, մեր տեսլականը, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում կառուցել։ Ներկայացնելու ենք բավականին իրատեսական, համալիր ծրագիր, որի մեջ նշված են որակապես նոր, մեր բոլորի երազած Հայաստան տանող ուղիները։ Անկեղծ պետք է ասեմ, որ մեր նախընտրական ծրագրով որևէ մեկին արհեստականորեն դուր գալու խնդիր չենք դրել, պոպուլիստական հայտարարությունների չենք գնացել։ Ներկայացրել ենք կոնկրետ ծրագիր, որի հիմքում Հայաստանի ապագայի և ժողովրդի անվտանգության պատասխանատվությունն է։ Ներկայացրել ենք գաղափարներ, որոնց իրագործումն ամենօրյա քրտնաջան աշխատանք են պահանջում մեր երկրի առաջընթացի համար։ Մեր նպատակները հավակնոտ են, միևնույն ժամանակ՝ իրագործելի։ Մենք ունենք ժողովրդին հուզող հարցերի պատասխանը, ներկան փոխելու կամքը ու վճռականությունը։ Հստակ պատկերացնում ենք, թե ինչ հորիզոնի ենք ձգտում հասնել։ Այդ հորիզոնն անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ Հայաստանն է։ Մեր թիմն ընդգրկում է հանրության բոլոր շերտերը, ունի ամենամեծ ներուժը, կառավարման հարուստ փորձ, և բնական է, որ այս մեծ թիմից սպասումներն էլ ավելի շատ են ու տրամաբանական։ Եվ որ ամենակարևորն է, մեր թիմն ունի համարձակություն իր սխալներն ընդունելու, անկախ նրանից՝ դրանք օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ։ Պետք է այդ սխալներից եզրակացություն անել և խուսափել հետագայում դրանք թույլ տալուց, կարող ենք լուծումներ տալ դրանց և պատասխանատվություն կրել։ Այն բոլոր լավ ավանդույթները, որ ձևավորվել են թիմային աշխատանքում, պետք է կրկնապատկել, իսկ բացթողումները՝ վերլուծել և վերացնել։ Թիմի շահը պետք է վեր լինի յուրաքանչյուրի անձնական շահից։ Փոխվելու և փոխելու անհրաժեշտությունը մեզ համար օրվա հրամայական է, ինչի մասին բազմիցս հայտարարել ենք և վստահ ենք, որ այդ փոփոխությունները տեսանելի կլինեն, իսկ արդյունքները՝ չափելի։ Առաջարկում ենք հիմնարար փոփոխություններ բնականոն, էվոլուցիոն ճանապարհով։ Մենք պարզապես պարտադրված ենք էֆեկտիվ և իմաստուն լինելու՝ աշխարհի այսօրվա մրցակցության պայմաններում։ Հաշվի առնելով, որ մեր տարածաշրջանում հակասությունների պակաս չկա, ավելին, առկա են մարտահրավերներ և սպառնալիքներ, մենք իրավունք չունենք թույլ տալ այնպիսի զարգացումներ, որոնք կարող են տանել ապակայունացման կամ արկածախնդրության և էքսպերիմենտների առիթ դառնան։ Մենք հայտարարում ենք և ցանկություն ունենք մրցակիցների հետ նախընտրական պայքարի նոր մշակույթ ձևավավորել՝ պահպանելով գաղափարական պայքարի էթիկան ու դրսևորելով քաղաքակիրթ հանդուրժողականություն։ Եվ իմ հորդորը մեր քաղաքացիներին՝ լսեք և ձեր ձայնը տվեք այն քաղաքական ուժին, որն ազնիվ ու իրագործելի ծրագիր է ներկայացնում՝ հուսալի ու հաստատուն քայլերով առաջընթաց ապահովելու համար։ Մենք հույս ունենք, որ կստանանք ընտրողի քվեն, որովհետև գիտենք՝ ինչ ենք անելու, ինչ թիմով ենք անելու ու վստահ ենք, որ հետևողական ենք լինելու։ Ժողովրդի թև ու թիկունքը, ակտիվ քաղացիական դիրքորոշումը մեր աշխատանքի արդյունավետությունը միանշանակ բարձրացնելու է, որովհետև այն ծրագրերը, որ դրել ենք մեր առջև, պահանջում են բոլորիս համախմբումը։ Ուրեմն, միասին՝ դեպի բոլորիս երազած Հայաստան»։

Նմանատիպ նյութեր