211652_close_icon
views-count3600 դիտում article-date 22:00 07-03-2017

Եվրոպական դատարանը մերժել է Արման Մկրտումյանին՝ արձանագրելով նրա կատարած ապօրինությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ՄԵծ Պալատի 5 հոգանոց դատական կազմը մերժել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի «վճռաբեկ բողոքը»: Փաստաբան Վահե Գրիգորյանը [url=https://web.facebook.com/vahe.grigoryan/posts/10212198112445355]Facebook-ի իր էջում[/url] անդրադարձել է այդ փաստին եւ նշել, որ ՄԻԵԴ քննած «Վարդանյանը եւ Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործի տարբեր ասպեկտների մասին հրապարակումներ եւ քննարկումներ եղել են անցած տարիներին: «Հակիրճ տեղեկացնեմ, որ խոսքը վերաբերում է 105 ամյա մի սեփականության պատմության, որի ընթացքում 4 պետություն է ստեղծվել եւ վերացել, սակայն ներկա սեփականատիրոջ անկոտրում կամքի արդյունքում այս վեճը (առնվազն իրավունքի մասով) հանգուցալուծվել է հօգուտ իրեն: Այս գործն իր մեջ ներառել էր հայաստանյան արդարադատության ձախողումների մի մեծ եւ տարբեր էլէմենտներից բաղկացած փունջ. ուղն ու ծուծով բացարձակապես կոռումպացված վարչական մի ողջ ապարատ՝ Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողությամբ եւ հովանավորությամբ, անողնաշար եւ կամազուրկ դատավորներով համալրված մի ողջ դատական համակարգ, որի խնդիրն էր կոռումպացված վարչական ծառաների թելադրանքով եւ քամահրանքով Երեւանի կենտրոնի բնակիչներին գիշատչաբար սեփականազրկելը, Սփյուռքից անհասկանալի եւ խիստ կասկածելի ծագման միջոցների ներգարվվում Հայաստանի բնակիչներին պետական իշխանության վերը նշված երկու թեւերի անմիջական աջակցությամբ սեփականազրկելու ծրագրեր իրականացնելու համար (ի դեպ, այս սփյուռքահայ ներդրողները մինչեւ վերջին մանրամասները տեղյակ են եղել եւ համաձայն են եղել այս ծրագրերի իրականացմանը՝ որոնք նրանց աստղաբաշխական շահույթներ պետք է ապահովեին), ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի կողմից այս կոռուպցիոն գործարքներից քաղաքացիների պաշտպանվելու դեմ մսխված հսկայական ռեսուրս (երբ այն պետք է օգտագործվեր այլ, շատ ավելի հեռանկարային եւ Հայաստանի անվտանգության եւ այլ կենսական ոլորտների համար առաջնային կարեւորություն ունեցող գործերի վրա, որոնք հնարավոր տարբերակներով ուղակի ձախողվել են ՄԻԵԴ-ում): Այս գործը թերեւս կմնա պատմության մեջ նաեւ որպես «դատավոր Մ.»-ի մասին մի գործ. մի մարդ, որը լինելով Հայաստանի բարձրագույն դատական պաշտոնյան՝ վճռաբեկ դատարանի նախագահը, իրեն եւ ողջ դատական համակարգի, ինչպես եւ արդարադատության հեղինակությունը գետնովն էր տվել իր կամազրկության եւ քաղաքացիական ու պրոֆեսիոնալ նվազագույն համարձակության բացակայության պատճառով մի խումբ վերից վար կոռումպացված պաշտոնյաների եւ քրեական թափթուկների ձեռքին անմնացորդ օգտագործված գործիք դառնալով ընդդեմ իրենից պաշտպանություն խնդրող անպաշտպան քաղաքացու: Հիշեցնեմ, թե ինչի մասին է խոսքը: 10 տարի առաջ, ավելի կոնկրետ 2006թ.-ի մայիսին, երբ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերի պալատի 4-5 դատավորիների առջեւ (այն ժամանակ դեռ հին դահլիճն էր, որտեղ դատավորների բեմը շատ բարձր էր, իսկ ելույթ ունեցողը կանգնում էր ներքեւում մի փոքր ամբիոնի մոտ եւ մի փոքր վեր նայելով էր խոսում վերին դատական պալատի հետ) կանգնած վստահորդս միայնակ, պատկառելի տարիքի մի ծերունի, որը՝ իր հարյուրամյա սեփականության դեմ մեկ տասնամյակից ավել ժամանակ տեւած սանձարձակ իրավական հարձակումներից եւ կամայականություններից հետո դեռ հավատում էր, որ կանգնած է դատարանի առջեւ, իրենից վերեւ նստած մի խումբ դատավորներին՝ դատավոր Մ.-ի նախագահությամբ, դիմելով խնդրում էր իրեն պաշտպանել գիշատիչների ոհմակներից, որոնք բոլոր զազրելի եւ ապօրինի միջոցներով փորձում էին նրան սեփականազրկել: Ի պատասխան այս մարդու խնդրանքներին, նախագահող դատավոր Մ.-ն, արդարադատության հեղինակության եւ իշխանության բարձրունքներից, ոչ միայն չանսաց այս մարդու խնդրանքին՝ պաշտպանել իրեն անիրավներից օրենքով, այլ ճակատագրերի տիրակալի իր բարձունքից սպառնաց, որ եթե ծերունին չգնար եւ չընդուներ իրեն այդ նույն գիշատիչների կողմից ներկայացված պայմանները, հենց ինքը՝ ոտքերն ամպոտ դատավոր Մ.-ն, նույն իր նման իր շուրջը նստած մի քանի հոգու հետ համատեղ, այդ ծերունուն կզրկեն իր սեփականությունից, այս անգամ արդեն նույնիսկ առանց այն փշուրների, որ նույնիսկ անիրավ թալանչիներն էին պատրաստ վճարել այդ մարդու գույքի դիմաց: Այնուհետեւ համոզվելով, որ այդ ծերունին անդրդվելի էր իր իրավունքին հետամուտ լինելու հարցում, դատավոր Մ.-ն մի գրչի հարվածով՝ իր իսկ սպառնալիքն ի կատար ածեց առանց աչք թարթելու: Քիչ ավել քան տաս տարի հետո արդեն, որոնց ընթացքում դիմանալով այլեւայլ ճնշումների, վստահորդս իր գործը հասցրեց եւ դարձրեց քննության առարկա մոտավորապես նույն կարգավիճակի յոթ այլ՝ օտարերկրյա պետություններից դատավորների առջեւ, դրանցից եւ ոչ մեկը կասկած իսկ չհայտնեց այն հարցում, որ դատավոր Մ.-ի վարքն անհամատեղելի է եղել իր դատավորի կարգավիճակի հետ: Ես չեմ մանրանա, թե էլ ինչեր տեղի ունեցան նաեւ այս ընթացքում. դրանք այս գործի դեմ եւ շրջանակներում դատավոր Մ.-ի կուլիսային, ես կասեի հուսահատ, պայքարի մասին վկայող հետաքրքիր, բայց անկարեւոր մանրամասներ են: Չեմ ցանկանում դրանցում ներգրավված մարդկանց անուններ հրապարակել, թերեւս հասկանալով, որ նրանց մի զգալի մաս հիմա զղջում է դրա համար կամ դեռ կզղջա: Արձանագրեմ, որ տաս տարի անց դատավոր Մ.-ից պաշտպանություն մերժված եւ նրա սպառնալիքի զոհ դարձած մարդու ներկայացրած դիմումի քննության հանգուցալուծման արդյունքում, երբեմնի ոտքերն ամպոտ ամենազոր դատավոր Մ.-ն այսօր նույնիսկ փրփուր չգտավ՝ ձեռք գցելու համար: Նույնիսկ բողոք ներկայացնելու հնարավորություն չուներ խեղճը, հույսը կապելով քողարկված կերպով ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչի միջոցով ներկայացրած «վճռաբեկ բողոքի» հետ, որն ըստ էության, ունեցավ նույն բախտը, ինչ այն մեկը, որ իրենից օրենքով սահմանված շրջանակներում պաշտպանություն խնդրելու համար ներկայացրել էր ժամանակին իր իշխանությանը դիմած վստահորդս եւ նման հազարավոր բազմաթիվ այլ քաղաքացիներ: Երեկ, ՄԻԵԴ ՄԵծ Պալատի 5 հոգանոց դատական կազմը որոշել է մերժել դատավոր Մ.-ի «վճռաբեկ բողոքը»: Սա նշանակում է, որ այս գործով վճիռն այլեւս մտել է ուժի մեջ: Եւ այն հնարավոր չի լինի այլեւս բեկանել նույնիսկ այն գումարի բազմապատիկ կաշառքով, ինչքան որ, ըստ մամուլի անդադրում հրապարակումների, վճարվել է այս գործով հայաստանյան դատավորներին մի քանի քրեական թափթփուկների եւ խարդախների կողմից՝ վստահորդիս ունեցվածքին տիրանալու համար: Չմանրամասնեմ, թե՝ ու՞մ եւ ինչպես: Սա շատ խորհրդանշական գործ է, եւ շատ կցանկանայի, որ դրա խորհուրդը տեղ հասներ բոլոր այն դատավորների մոտ, ով դեռ վարանում է իր ճանապարհի ընտրության հարցում կամ արդեն ընտրել է 2006թ.-ին (թերեւս դրանից էլ առաջ) դատավոր Մ.-ի ընտրած անփառունակ ճանապարհը: Հստակեցնեմ, որ ոչ իմ եւ ոչ իմ վստահորդի խնդիրը երբեք էլ չի եղել դատավոր Մ.-ի դեմ որեւէ ինչ ձեռնարկելը, այլ բացառապես՝ վստահորդիս խախտված իրավունքի վերականգնումը: Բայց արդարադատության մի հետաքրքիր կողմ էլ այն է, որ դրան արժանանալով, ինչպես վստահորդիս դեպքում, յուրաքանչյուրին արժանացնում ես իրեն հասանելիքին, նույնիսկ անկախ նրանից, թե այդ մասով մտադրություն ունեցել ես, թե՝ ոչ: Անձամբ ես, շուրջ մեկուկես տասնամյակ մասնագիտական ներգրավվածությամբ շարունակ լինելով դատավոր Մ.-ի նախագահությամբ աշխատող վճռաբեկ դատարանի պալատի, իսկ այնուհետեւ նաեւ այդ դատարանի կողմից ապօրինի սեփականազրկման, անհիմն դատապարտման եւ անօրինական կալանավորման, խախտված կյանքի իրավունքի եւ խոշտանգումների ենթարկված քաղաքացիների գործերով հազարավոր մարդկանց՝ իրենց տարրական իրավունքներից զուրկ լինելու բերումով նրանց ցավի եւ տառապանքների ականտեսը, ամենաշատ ցանկացողներից եմ եղել, որ այս գործը արագ ավարտվեր նախ եւ առաջ դատավոր Մ.-ին հանգիստ թողնելու համար: Որովհետեւ նրա հանգստի ժամանակը վաղուց է եկել: Թե ինչ պայմաններում եւ որտեղ, դա արդեն ինձ քիչ է հետաքրքրում: Կարեւոր է, որ նա եւ նրա նման դատավորներն ի վերջո գիտակցեն այս»,- նշել է Վահե Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր