211652_close_icon
views-count1612 դիտում article-date 17:06 17-03-2017

ՀՀ ԱԻՆ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև ստորագրվեց սողանքային աղետի կառավարման ծրագիր

Մարտի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) Սողանքային ծրագրով համակարգող Քեյջի Յանոյին: Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրեցին Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ծրագրի վերաբերյալ քննարկումների արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը: Ծրագրի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի ռիսկի նվազեցումն է՝ սողանքի հետազոտության և գնահատման արդյունքների հիման վրա սողանքային աղետի համապարփակ կառավարման պլանի մշակման և հակասողանքային միջոցառումների իրականացման միջոցով: Ծրագրի արդյունքում աշխատանքային խմբի մասնագետները ձեռք կբերեն հետազոտության, գնահատման, միջոցառումների նախագծման, պատվիրման և իրականացման հմտություններ ու գիտելիք, կմշակվի Հայաստանում սողանքային աղետի համապարփակ կառավարման պլան, ինչպես նաև՝ սողանքային աղետի ռիսկի նվազեցման ուղեցույց, կբարելավվեն միջոցառումների վերաբերյալ օրենքներն ու նախարարության որոշումները: Իրականացվող ծրագրի շնորհիվ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության մասնագետները ձեռք կբերեն տրամադրված դրենաժային հորատման սարքի շահագործման համար անհրաժեշտ հմտություններ և կկարողանան կատարել ջրահեռացման հորատման /պահպանման աշխատանքներ: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է 2014 թվականից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ ջանքերով:

Նմանատիպ նյութեր