211652_close_icon
views-count28237 դիտում article-date 22:22 25-03-2017

Տիգրան Մուկուչյանը նախազգուշացում չի անի Գագիկ Ծառուկյանին, Առաքել Մովսիսյանին և վարչապետ Կարեն Կարապետյանին

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մարտի 25-ին կայացած արտահերթ նիստում մերժել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Առաքել Մովսիսյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու, ինչպես նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ՀՀԿ-ին զգուշացում անելու մասին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցի դիմումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ առաջին դիմումում, մասնավորապես, նշվում է, որ մարտի 10-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում նախընտրական քարոզչության ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրապարակային խոստացել է աշխատանքի տեղավորել ընտրողներից մեկին: Դիմումը դաշինքին եւ Գագիկ Ծառուկյանին նախազգուշացում անելու, ինչպես նաեւ Վարչական դատարան հայց ներկայացնելու պահանջ կա: Երկրորդ դիմումում նշվում է, որ մարտի 19-ին Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքում ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Առաքել Մովսիսյանը ընտրողներին խոստացել է ասֆալտապատել համայնքի գլխավոր ճանապարհը՝ իրեն ընտրելու դիմաց, եւ պահանջվում է Վարչական դատարան դիմել՝ վարչական վարույթ հարուցելու համար: Արթուր Սաքունցի երրորդ դիմումը մարտի 1-ին Արաբկիրում եւ Վայոց ձորի մարզում աշխատանքային ժամին հանդիպում իրականացնելու հետ կապված խախտման մասին ՀՀԿ-ին նախազգուշացնելու պահանջ է պարունակում: Դրանով, ըստ դիմումի, խախտվել են Ընտրական օրենսգրքի դրույթները: Ներկայացնելով ԿԸՀ-ի որոշումը՝ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ դիմումը հասարակական կազմակերպություն է ներկայացրել: «Այդ փաստերը չեն առնչվում այդ կազմակերպության շահերին: Հասարակական կազմակերպությունը նման դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ չէ»,- ընդգծեց Մուկուչյանը: Լուսանկարը՝ Aysor-ի

Նմանատիպ նյութեր