211652_close_icon
views-count3627 դիտում article-date 10:57 31-03-2017

Ոչ մեկին կոչ չեմ անում քվեարկել այս կամ այն ձևով. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Շարժվեմ բացառման մեթոդով և սկզբից ասեմ, թե ինչու երբևէ չեմ մտածել ձայնս տալ 6 կուսակցություններին և դաշինքներին: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ն ինձ համար իշխանություն են, իսկ երկիրն այն վիճակում չէ, որ քվեարկեմ իշխանության օգտին: Դաշնակցականներին և կոմունիստներին հարգում եմ՝ իրենց գաղափարներին հավատարիմ մնալու համար, սակայն այդ գաղափարներն ինձ, մեղմ ասած, սրտամոտ չեն: Իսկ ՕՐՕ-ն… Առանձնապես ռացիոնալ պատճառներ չունեմ այդ դաշինքն իմ նախասիրությունների ցուցակում չընդգրկելու համար, մանավանդ, որ տեսնում եմ Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի անվիճելի արժանիքները: Այնուամենայնիվ, այդ դաշինքից ինչ-որ ծանր, հեղձուցիչ քամի եմ զգում՝ գուցե դա Երկրորդ նախագահի շունչն է: Դրա անուղղակի վկայությունն է ՕՐՕ-ին պատկանող կայքերից մի քանիսի «հայլուրական-քոչարյանական» թունոտ ագրեսիվությունը: Մնում են «Ելքը», «Կոնգրես-ՀԺԿ-ն» և «Ազատ դեմոկրատները»: «Ելքը» շատ արդյունավետ, հետաքրքիր քարոզարշավ անցկացրեց՝ դա, անշուշտ, լավ հեռանկար ունեցող ուժ է՝ հատկապես, եթե իրականություն դառնա մեկ կուսակցություն ստեղծելու մտադրությունը: Բայց դաշինքի լիդերներից Նիկոլ Փաշինյանը երբեմն չարաշահում է ոչ նորմատիվ բառապաշարը: Հասկանում եմ, որ դրանով նա 100 կամ գուցե 1000 ընտրող է շահում՝ «վախ, չոքցրեց, փչացրեց, խզարեց»: Բայց կորցնում է ինձ նման 1-2-ին: Քաղաքական հաշվարկն, իհարկե, ճիշտ է: Կոնգրեսն իրեն հրաշալի դրսևորեց անցած տարվա ապրիլին և հուլիսին, նախ՝ չփորձելով քաղաքական դիվիդենդներ վաստակել ապրիլյան պատերազմից, իսկ այնուհետև՝ միանշանակ դատապարտելով զինված քաղաքական պայքարը: Կոնգրեսի թերությունն է Լևոն Տեր-Պետրոսյանի անձի պաշտամունքը, «ադեպտների» կույր հավատը այդ՝ իսկապես նշանավոր գործչի անսխալականութան հանդեպ: Այդ հիվանդագին պաշտամունքը նույնպես որոշ դեպքերում հանգեցնում է անհանդուրժողականության և ագրեսիվության: Մնում է «Ազատ դեմոկրատները», որին մենք՝ կինս և ես, որոշել ենք ձայն տալ: Այդ կուսակցության արժանիքների մասին՝ մեկ ուրիշ անգամ: Այստեղ ուզում եմ ընդգծել, որ ոչ մեկին կոչ չեմ անում քվեարկել այս կամ այն ձևով: Իսկ իմ անձնական դիրքորոշումը երբեք որևէ ձեւով չի անդրադարձել «Առավոտի» չեզոք և հավասարակշռված լուսաբանումների վրա: Անցած 23 տարին դրա վկայությունն են»: [b]Ամբողջությամբ՝ թերթի ասյօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր