211652_close_icon
views-count3719 դիտում article-date 16:01 31-03-2017

Ինքս ինձ հետ շատ համերաշխ եմ, որովհետև չկա մի բան, որ ասել եմ և որի համար պատրաստ չեմ պատասխան տալ. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ, ՀՀԿ Նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփման միջոցառմանը հանդես է եկել ելույթի խոսքով՝ նշելով. «Սիրելի´ ժողովուրդ, ողջունում եմ ձեզ: Այս մեկ ամսվա ընթացքում, շրջելով Հայաստանով, հանդիպելով, խոսելով մեր ժողովրդի հետ, ինքս ինձ համար վերահաստատել եմ մի պարզ ճշմարտություն. մենք տաղանդավոր ժողովուրդ ենք, մենք ունենք մեծ ներուժ՝ մեր երկիրը դարձնելու ֆանտաստիկ երկիր: Չկա որևէ մի պատճառ, որ այդպես չլինի: Մեր Հայաստանը լինելու է ժամանակակից, առաջ զարգացող և շարժվող, տրամաբանական և օրենքի երկիր՝ պահպանելով մեր ավանդույթները, ինքնատիպությունը, մեզ համար հարազատ միջավայրը, միևնույն ժամանակ լինելով բաց և հասկանալի աշխարհի համար: Այսօր մենք ունենք երիտասարդ, ընդամենը 25 տարվա անկախ երկիր, բայց այն քիչ հին ազգերից ենք, որ, հազարամյակների միջով անցնելով, ունենք պետականություն: Սիրելի´ ժողովուրդ, ամփոփելով քարոզարշավը՝ ցանկանում եմ ձեզ խոստովանել, որ ինքս ինձ հետ շատ համերաշխ եմ, որովհետև չկա մի բան, որ ասել եմ և որի համար պատրաստ չեմ պատասխան տալ: Հանդիպումների ժամանակ չեմ հրապուրվել նրանով, որ դիմացինիս ասեմ մի բան, որ նրան դուր գա: Եղել ենք ազնիվ և անկեղծ: Այդ նույն սկզբունքները դրել ենք մեր ծրագրի և գործողությունների մեջ: Սիրելի´ ժողովուրդ, այսօր մենք ներկայացնում ենք մի ծրագիր, որն ունի բոլոր այն հայտանիշները, որոնք առանձնահատուկ են որակ փոխող, կյանք փոխող ռեֆորմներում: Այն հավակնոտ է և համարձակ Այն իրատեսական է և ռացիոնալ Մենք ունենք կամք և համառություն այն իրականացնելու: Մենք մեր ծրագիրը ներկայացրել ենք ձեզ՝ ակնկալելով ձեր քվեն: Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը՝ ոչ միայն ապրիլի 2-ին ձեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը դրսևորելով, այլ նաև ապրիլի 2-ից հետո ձեր արժանապատիվ մասնակցությունն ունենալով մեր նոր Հայաստանը կառուցելու քրտնաջան աշխատանքում: Մենք միասին պետք է անցնենք այդ ճանապարհը, և այդ ճանապարհին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստ է ձեր կողքին լինել և պատասխանատվությունը վերցնել իր վրա: Սիրելի´ ժողովուրդ, ապրիլի 2-ին դուք որոշելու եք վաղվա Հայաստանը: Վերլուծե´ք բոլոր ծրագրերը, որոնք ներկայացված են ձեզ, անցկացրե´ք ձեր միջով և որոշեք՝ ում եք դուք վստահելու երկրի անվտանգությունը, ում եք դուք վստահելու երկրի առաջընթացը, ում եք վստահելու միջազգային հարթակներում մեր երկիրը ներկայացնելը, ում եք վստահելու ձեր երեխայի վաղվա օրը: Վստահե´ք մեզ, մեր թիմին, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Ուռա»:

Նմանատիպ նյութեր