211652_close_icon
views-count4021 դիտում article-date 15:17 06-04-2017

Բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ. 97 համայնք չի սպասարկվում. Կարեն Կարապետյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ներմարզային երթուղային ցանցին ու ճանապարհաշինությանը և նշեց, որ Հայաստանի բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ։ «97 համայնք չի սպասարկվում ներմարզային երթուղիներով։ Այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ եմ համարում հանրապետությունում երթուղային ցանցի, մասնավորապես՝ ներմարզային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն արդեն ստացել էր համապատասխան հանձնարարական, սակայն հարկ է նշել, որ տրանսպորտային համակարգի բարեփոխումները սերտորեն կապված են նաև միջպետական, հանրապետական նշանակության և համայնքային ճանապարհների տեխնիկական վիճակի հետ: Տվյալ խնդրի շուրջ ունեցել ենք քննարկումներ, բայց կարծում եմ՝ ժամանակն է սահմանել խնդրի լուծման հստակ վերջնաժամկետները»: Այդ նպատակով գործադիրի ղեկավարը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է 3-շաբաթյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության և մարզերի համար նախատեսված ուղևորափոխադրման երթուղային ցանցի նոր տարբերակ, որի պարագայում կլուծվի նշված 97 բնակավայրերի՝ ներմարզային երթուղիներով, ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոցներով սպասարկման հարցը: Հանձնարարվել է 3-շաբաթյա ժամկետում ակտիվացնել ՀՀ-ում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պետբյուջեից և վարկային ծրագրերով ֆինանսավորվող շինարարական և վերականգնողական աշխատանքները, և կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2017թ. նախատեսված աշխատանքների վերաբերյալ: «Մենք պետք է միջպետական 1800 կմ, հանրապետական 1900 կմ, համայնքային 3800 ճանապարհների հստակ ռանգավորում ունենանք, յուրաքանչյուրի գնահատականը տանք: Պետք է ունենանք յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ համապատասխան էլեկտրոնային տեղեկատվություն: Երկրորդ՝ բոլոր վերանորոգման, շինարարական աշխատանքները կազմակերպելու ժամանակ քննարկեք տարբերակ, որ շինարարներին մենք պատվիրակելու ենք ճանապարհի հսկողությունն ու շահագործումը, որպեսզի իմանան, որ հետագայում առաջացած խնդիրներն իրենք են լուծելու: Այդ ամենը պետք է անել առավելագույնս բաց ու թափանցիկ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ պետք է տրանսպորտային ցանցը բաժանել լոտերի՝ ըստ շահութաբերության, որպեսզի պոտենցիալ ներդրողը հասկանա իր գործողությունը, բիզնեսի երկարատևությունը, պայմանը: «Պետք է խաղի կանոնները սահմանել սկզբունքային, ռադիկալ և երկարատև: Ձեզանից շատ արագ լուծումներ եմ սպասում»,- նշել է վարչապետը՝ դիմելով ՀՀ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին:

Նմանատիպ նյութեր