211652_close_icon
views-count3236 դիտում article-date 20:28 06-04-2017

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի կառավարչին

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի (Ավստրիա) կառավարիչ մոնսինյոր Յակոբ Բյուրգլերին` ուղեկցությամբ «Ինսբրուք Կարիտաս» բարեսիրական հասարարական կազմակերպության տնօրեն Գեորգ Շաումերի: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա ջերմ եղբայրական հարաբերություններին և սերտ գործակցությանը: Նորին Սրբությունը նաև գոհունակությամբ հիշեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան: Գարեգին Բ Հայրապետը հյուրերին ներկայացրեց Հայոց Եկեղեցու առաքելությունն ազգային կյանքում` հանգամանորեն խոսելով լայնածավալ գործունեության, հատկապես Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական բազմաբնույթ ծրագրերի մասին: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերներին, ի մասնավորի` եկեղեցականների պատրաստության և սրբավայրերի վերականգնման ու պահպանության խնդրին: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Նմանատիպ նյութեր