211652_close_icon
views-count3143 դիտում article-date 11:24 11-04-2017

Գոնե դպրոցի քարտեզի վրա վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը. «aravot.am»

«Առավոտ» թերթը հրապարակել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» Հկ նախագահ Կարեն Հեքիմյանի ակնարկը. «Բազմիցս ասել եմ, որ Արծվաշենը դե-յուրե Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է: Այդպես է կարծում աշխարհը: Դրան դեմ է Ադրբեջանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ գրեթե բոլոր պետական կառույցները: Ադրբեջանը դեմ է, քանզի վերահսկում է հայկական այդ տարածքը, Տեր-Պետրոսյանը դեմ է, որովհետև, իր խոսքերով, ինքն է Արծվաշենը փոխանակել այլ տարածքների հետ: Այս տեսանկյունից խնդիրը դիտարկելիս, այն տրամաբանական է թվում: Այս իմաստով, ինձ համար անհասկանալի է ՀՀ պետական մարմինների դիրքորոշումը: Իսկ երբ Արծվաշենը, որպես ՀՀ տարածք չի ճանաչվում հայաստանյան կրթության ոլորտում, դա անհանդուրժելի, ավելին՝ հանցանք եմ համարում: ՀՀ ԱԺ ընտրությունների օրն առիթ ունեցա լինել Արմավիրի մարզի Գայ համայնքի (նախկինում՝ Խաթունարխ) Գայի անվան միջնակարգ դպրոցում: Դպրոցի միջանցքում Հայաստանի քարտեզն էր՝ առանց Արծվաշենի: Անմիջապես քարտեզի հարևանությամբ տեղադրված էր պաստառ, որով հավաստիացվում էր, որ դպրոցի աշակերտները հիշում են 1915թ Հայոց ցեղասպանությունը և պահանջում են ճանաչել այն: Եզրակացրեցի, որ մի դպրոցում, որտեղ հիշում են Հայոց ցեղասպանությունը և անգամ պահանջում են այն ճանաչել, չեն կարող մոռանալ ներկա Հայաստանի քարտեզի ճշգրիտ տեսքը: Մոտեցա դպրոցի տնօրենին: Նա իր տնօրինած դպրոցում տեղակայված ընտրատեղամասում հանրապետական կուսակցության վստահված անձն էր և ընտրատեղամասում ներկա այլ անձանց կարծիքով երկրպագում էր ԱԺ պատգամավորության թեկնածու Սեյրան Սարոյանին: Դպրոցի տնօրենից հետաքրքրվեցի թե ինչո՞ւ է դպրոցի պատին տեղադրված ՀՀ քարտեզը առանց Արծվաշենի: Պատասխան չեղավ: Փորձեցի տնօրենին բացատրել, որ Արծվաշենը ՀՀ անբաժանելի մասն է և այն հենց այդ կարգավիճակով է ճանաչված է միջազգային հանրության կողմից: Տնօրենը կմկմաց՝ ասելով, որ ինքը պատմաբան է իսկ քարտեզի հետ կապ չունի և այն տեղադրվել է «վերևների» կողմից: Միաժամանակ, նա ինձ խորհուրդ տվեց ուսումնասիրել դպրոցի միջանցքի այլ հատվածներ, որտեղից ես կիմանամ ինձ հետաքրքրող շատ բաներ: Ես զգացի, որ տնօրենին չհետաքրքրեց Արծվաշենը: Նա զբաղված էր ընտրություններով: Ես, իհարկե, հորդորեցի նրան, որ գոնե դպրոցի տարածքում տեղադրված քարտեզի վրա վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը, փորձեցի ապացուցել, որ այդպես շարունակվելու դեպքում մարդկանց հիշողությունից կվերանա Արծվաշենը, սակայն ապարդյուն՝ նրա ուշքն ու միտքը, ամենայն հավանականությամբ, Սեյրան Սարոյանի ստանալիք ձայներն էին: Արծվաշենի և դրա՝ դպրոցի քարտեզից բացակայության թեման ընտրատեղամասում գտնվողներին նույնպես չհետաքրքրեց: Համոզված եմ, որ նման պատկեր է տիրում նաև այլ կրթօջախներում: Համոզված եմ նաև, որ այդ կրթօջախների ղեկավարներին էլ չի հետաքրքրում Արծվաշենը: Համոզված եմ նաև, որ Ադրբեջանում չի գտնվի անգամ մի ԲՇՏ, էլ չեմ ասում կրթօջախ կամ պետական կառույց, որտեղ տեղադրված քարտեզում պատկերված չլինի Լեռնային Ղարաբաղը, Քելբաջարը, Ֆիզուլին, Աղդամը, Լաչինը և այլն: Չի կարող լինել և վերջ: Իսկ մեզ մոտ կարող է՝ փաստերը շատ են: Ինչո՞ւ: Հ.Գ. Ի դեպ, ՀՀ կրթության և գիտության նախարարը ներկայացնում է Հայաստանում գործող առանցքային քաղաքական ուժ, որը պահանջում է Ցեղասպանության ճանաչումը, Կարսը, Վանը, Էրզրումը՝ մի խոսքով Արևմտյան Հայաստանը, իսկ Գայի միջնակարգ դպրոցի տնօրենը հայոց գեներալի վստահված անձն է»: [b]Մանրամասն՝ aravot.am կայքում:[/b]

Նմանատիպ նյութեր