Ընտրությունները լավ առիթ էին «պոռոտախոսությունից» ազատվելու համար. Արմեն Ռուստամյան
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Ենթադրում եմ, որ այն համագործակցությունը, որի մասին դուք տեղյակ եք, պետք է շարունակվի, որովհետև, ի վերջո, դա անժամկետ էր, պայմանավորված չէր որևէ ձևաչափով, այլ խնդիրների լուծմամբ էր պայմանավորված, իսկ այն հարցերը, որ համագործակցության մեջ արձանագրված են, դրանց զգալի մասը լուծված չեն»,- ասաց Ռուստամյանը:
Ռուստամյանը նկատեց, որ բանակցությունները չեն ենթադրում՝ ՀՅԴ պորտֆելների կամ մարզպետների թվի ավելացում:
Դիտարկմանը, թե ինչպես են տեսնում համագործակցություն մի քաղաքական ուժի հետ, որը հենց ՀՅԴ-ի գնահատականով ընտրողներին ակնհայտ ուղղորդել է, Արմեն Ռուստամյանը պատասխանեց.
«Նախ՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և մենք չենք կարող գործել այդ տրամաբանությունից դուրս։ Եվ ուրեմն պետք է այնպիսի գործիքներ ունենանք, որոնք հնարավորություն կտան մեր առջև դրված խնդիրները լուծելու: Այս ընտրություններն էլ ցույց տվեցին, որ բոլոր նրանք, ովքեր խոսում էին ինչ-ինչ արդյունքների մասին, դրանք ձեռք են բերել համագործակցության դեպքում և դա փաստ է»,- ասաց նա և նշեց, որ այս ընտրությունները լավ առիթ էին «պոռոտախոսությունից» ազատվելու համար։