211652_close_icon
views-count1889 դիտում article-date 17:12 13-04-2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Ողջունելով հյուրին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնումը, նկատել է, որ այն հնարավորություն է ընձեռում ձեռք բերելու նոր գործընկերներ:  «Մենք կարևորում ենք միջազգային կառույցների հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, ինչը նպաստում է նաև քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ծառայությունների որակը զգալիորեն բարձրացնելուն և, որ կարևոր է, հրաշալի հնարավորություն է՝ փորձի փոխանակում իրականացնելու համար: Ուստի, մենք պատրաստակամ ենք՝ շարունակելու մեր համագործակցությունը Եվրամիության հետ, և համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը բաց է ցանկացած ձևաչափով փոխգործակցության համար», - ընդգծել է Երևանի քաղաքապետը:  Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին նկատել է, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է, և նշել, որ ԵՄ-ն ևս պատրաստակամ է քաղաքապետարանի հետ փոխգործակցության ընդլայնման հարցում: «Մենք բազմիցս ենք համոզվել, որ Երևանի քաղաքապետարանն իրոք վստահելի գործընկեր է, ինչի արդյունքներն արտացոլված են մեր համատեղ ծրագրերում: Ակնհայտ է, որ քաղաքն այսօր դինամիկ զարգացման ուղի է բռնել: Մենք ևս կարևորում ենք Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության ընդլայնումը, և ուրախ եմ, որ համատեղ ծրագրերի շրջանակում կարողանում ենք մեր լուման ունենալ Երևանի զարգացման գործում», - նշել է Պյոտր Սվիտալսկին:

Նմանատիպ նյութեր