211652_close_icon
views-count7865 դիտում article-date 21:17 13-04-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կձևավորեն համատեղ աշխատանքային խմբեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանը` քննարկելու ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀԱԱՀ հետ համատեղ մշակված աշխատանքային ծրագիրը: ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ վարչապետի հանձնարարությամբ գյուղատնտեսության նախարարությունը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիր, որի հիմնական ուղղվածությունը պետք է լինի ներմուծումը ներքին արտադրությամբ փոխարինելը կամ արտահանման խթանումը: Նախարարն առաջարկել է համալսարանի հետ ստեղծել միասնական աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն թե' գյուղոլորտի մասնագետներ և թե' տնտեսագետներ, որոնք տարբեր ուղղություններով հստակ և հիմնավորված ծրագրեր կմշակեն: «Եթե մենք կարողանանք համապատասխան հաշվարկներով և վերլուծություններով հիմնավորել, որ այդ ծրագրերը մրցակցային են, շահավետ և կարող ենք հաղթող դուրս գալ` ներմուծումը ներքին արտադրության փոխարինելու կամ արտահանումը խթանելու հարցում, ապա դրանք կդառնան ռազմավարական ծրագրերի մաս` պետական աջակցությամբ կամ սուբիսդավորմամբ, որոնք զարգացում կապահովեն», - իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարն անդրադարձել է նաև անասնաբուժության ոլորտին առնչվող խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին, ինչպես նաև վերամշակման ճյուղի` որպես գյուղատնտեսության ոլորտի կարևոր ուղղության զարգացմանը: ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր հերթին վերահաստատել է բուհի պատրաստակամությունը շարունակել ակտիվորեն համագործակցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ոլորտի զարգացման նպատակով: «Պետք է համակողմանի աջակցություն լինի գիտական խորհրդատվական առումով համատեղ ուժերով Հայաստանի Հանրապետության ագրոպարենային համակարգի առջև ծառացած խնդիրները որքան հնարավոր է արդյունավետ և կարճ ժամկետներում լուծելու համար», - նշել է Արշալույս Թարվերդյանը: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է պատրաստել փաստաթղթեր մի շարք մշակաբույսերի սերմնաբուծության և սերմնարտադրության տնտեսական արդյունավետության, դրանց մշակության առավել նախընտրելի գոտիների և արդյունավետ ցանքաշրջանառության, ցածրարժեք մշակաբույսերը բարձրարժեք մշակաբույսերով փոխարինման, խորհրդատվական ծառայությունների, տոհմաբուծության, անասնաբուծության, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերման արժեշղթայի արդյունավետ մեխանիզմների զարգացման և այլ կարևոր խնդիրների վերաբերյալ։ Այդ նպատակով նախատեսվում է ձևավորել 12 աշխատանքային խումբ և մեկամսյա ժամկետում մշակել ծրագրեր, որոնք համապատասխան փորձաքննությունից հետո կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը: Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր