211652_close_icon
views-count7127 դիտում article-date 13:00 23-04-2017

Սահմանամերձ համայնքները բացառիկ նշանակություն ունեն մեր պետության և զինված ուժերի համար. ՀՀ պաշտպանության նախարար

Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Այցի շրջանակում Վիգեն Սարգսյանը Բերդում հանդիպել է «Երդվյալ ազատամարտիկների» միության անդամների հետ: Միության նախագահ Ռուբեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին ազատամարտիկների հիմնախնդիրների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության համար, ընդգծել է զինված ուժերին սատարելու միության պատրաստակամությունը: Իր հերթին նկատելով, որ մեր երկրի սահմանների պաշտպանունակության ապահովման գլխավոր բաղադրիչներից մեկը հենց բանակին սատարելու և միասնաբար հայրենիքը պաշտպանելու ու զարգացնելու պատրաստակամությունն է, որը և «Ազգ-բանակ» գաղափարի հիմքն է, Վիգեն Սարգսյանն անդրադարձել է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին, ներկայացրել ծրագրերի նպատակներն ու ակնկալվող արդյունքները: ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև սահմանամերձ Մովսես և Չինարի համայնքներում: Համայնքների բնակչության հետ անմիջական զրույցների ընթացքում Վիգեն Սարգսյանը մեկ անգամ ևս քննարկել է համայնքների առջև ծառացած առավել կարևոր խնդիրները, ծանոթացել դրանց լուծման առնչությամբ ներկայացված առաջարկներին: Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները բացառիկ նշանակություն ունեն մեր պետության և զինված ուժերի համար, ուստի համայնքների բնակիչներին հուզող խնդիրները պաշտպանական քաղաքականության իրագործման և անվտանգության ապահովման տեսանկյունից մշտապես հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում են: Տավուշի մարզպետարանում երեկոյան կայացել է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա նիստը, որը ղեկավարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նիստի ընթացքում սահմանամերձ համայնքներում իրականացված ուսումնասիրությունների, կատարված և ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ինչպես նաև մարզում տարաբնույթ ծրագրեր իրականացնող միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Կարևորելով միջգերատեսչական փոխգործակցության բարձր մակարդակը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի գործունեությունը նպաստելու է սահմանամերձ համայնքներում առկա խնդիրների համակարգմանն ու լուծմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր