211652_close_icon
views-count1425 դիտում article-date 18:50 27-04-2017

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է վաստակաշատ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի անհատական ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել վաստակաշատ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված «Երևանցի» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Ցուցահանդեսի բացումը համընկել է հեղինակի 69-ամյակի հետ: Ցուցադրությանը ներկայացվել է 72 դիմանկար: Աշխատանքներում մայրաքաղաքի կյանքում իրենց ուրույն դերն ու նշանակությունն ունեցած մշակութային հայտնի գործիչներ են, գրողներ, գիտնականներ, նաև քաղաքական դեմքեր: Շնորհավորելով ծննդյան տարեդարձի և ցուցահանդեսի բացման առթիվ` Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր խոսքում առանձնահատուկ ընդգծել է Ալեքսանդր Բաղրամյանի ավանդն ու ներդրումը հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության գանձարանում: Ալեքսանդր Բաղրամյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնությունն ստանձնելու և իրականացնելու համար՝ ընդգծելով, որ անկախության տարիներից ի վեր այն իր առաջին անհատական ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված է այդ քանակի ստեղծագործություն: Սերունդների գեղագիտական դաստիարակության գործում և հայ կերպարվեստում ներդրած նշանակալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Նշենք, որ «Երևանցի» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 2-ը:

Նմանատիպ նյութեր