211652_close_icon
views-count6752 դիտում article-date 22:13 02-05-2017

«Ոչ մի սիրիացի գործարար որևէ խոչընդոտի չի հանդիպի Հայաստանում»․ Սուրեն Կարայան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մայիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին՝ քննարկելու Հայաստանի և Սիրիայի առևտրատնտեսական կապերը։ Իսսամ Նայալը նախարարին հայտնել է, որ Սիրիայի Առևտրի և էկոնոմիկայի նախարարությունը պատրաստել է արտահանվելիք ապրանքների ցանկ, որոնց պահանջարկը կարող է լինել Հայաստանում ևս։ Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարությունը կուսումնասիրի ցանկը և հավելել․ «Մենք հատուկ ուշադրության ենք արժանացնում Սիրիայի քաղաքացի այն գործարարներին, ովքեր բիզնես են ծավալում Հայաստանում։ Մենք պատրաստ ենք նրանց օժանդակություն ցուցաբերել։ Շնորհակալ ենք, որ նրանք այստեղ նոր գործարար մշակույթ են բերում»։ Նախարարը շեշտել է, թե մեծ հույս ունի, որ Սիրիայում տնտեսությունը շուտափույթ կվերականգնվի և աջակցության պատրաստակամություն հայտնել։ Նախարար Կարայանը հավելել է, որ սիրիական բիզնեսի համար Հայաստանը կարող է հարթակ հանդիսանալ՝ դեպի ԵԱՏՄ մուտք գործելու համար։ «Ոչ մի սիրիացի գործարար որևէ խոչընդոտի չի հանդիպի Հայաստանում» , -ասել է Սուրեն Կարայանը։ Իսսամ Նայալն ընդգծել է, որ տպավորված է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությամբ և այն հանգամանքով, որ Հայաստանը բաց է թե՛ Արևմուտքի և թե՛ Արևելքի համար։ Հավատարմատարը նախարարի հետ զրույցում նշել է, որ այս տարվա օգոստոսին, երկարատև դադարից հետո, տեղի է ունենալու Դամասկոսի միջազգային ցուցահանդեսը, իսկ սեպտեմբերին կկայանա «Սիրիայի վերակառուցում» համաժողովը, որի միջոցառումներին Իսսամ Նայալը հայկական կողմին հրավիրել է մասնակցություն ցուցաբարել: Նախարարը և հավատարմատարը քննարկել են հայ գործարարների պատվիրակության հնարավոր այցը Սիրիա՝ վերջիններիս գործընկերներին հանդիպելու և փոխգործակցություն ծավելելու նպատակով։ «Հույս ունեմ, որ այս հանդիպումը մեր երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար ելակետ կլինի»,- նշել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին հանդիպման ավարտին։

Նմանատիպ նյութեր