211652_close_icon
views-count2941 դիտում article-date 20:50 17-05-2017

Գյումրիում կանցկացվի Արհեստի ու արվեստի փառատոն՝ «Լենդուտա» խորագրով

2017 թվականի հուլիսի 29-ին Գյումրիում տեղի կունենա Արհեստի ու արվեստի փառատոն՝ «Լենդուտա» խորագրով, որի առանցքային գաղափարն է մշակույթով արտահայտել սերն ու նվիրվածությունը Գյումրու ֆենոմենի նկատմամբ: Նախագիծն իրականացվում է ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զարգացման հիմնադրամի առաջարկությամբ և աջակցությամբ: Մայիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի և Գյումրու «Berlin Art Hotel»-ի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանի ասուլիսը` նվիրված փառատոնին: «Մեր գլխավոր նպատակն է փառատոնը դարձնել Գյումրու ու շրջակա համայնքների տնտեսական ներուժը, պատմությունը, մշակույթը, զբոսաշրջային հնարավորությունները ներքին ու միջազգային շուկային ներկայացնելու հարթակ: Հին քաղաքի համապատկերում կհառնի նաև ժամանակակից քաղաքի տեսլականը՝ ուշագրավ ոչ միայն բնակիչների, այլև զբոսաշրջիկների համար»-իր խոսքում նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը: Միջոցառումների անցկացման հիմնական վայր է ընտրվել Գյումրու Աբովյան փողոցը, որտեղ լավագույնս արտացոլված է հին Գյումրու շքեղ կոլորիտը՝ զուգակցված նորին: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Ալեքսանդրապոլ-Գյումրու ավանդական արհեստները՝ արվեստի պրիզմայով՝ թատերական արարներով, երաժշտական ներկայացումներով ու համերգներով (աշուղականից մինչև ռոք), ցուցահանդեսներով (դասականից ընդհուպ ժամանակակից արվեստ): Նշենք, որ փառատոնի ընթացքում մասնակիցները կարող են ընտրել իրենց գեղագիտական ճաշակին վայել հուշանվերներ կամ հուշաիրեր, ինչպես նաև քիմքին վայել համադամային ուտեստներ, որոնք առավելապես բնորոշ են Գյումրու մշակութային կենցաղին ու ավանդական ազգային խոհանոցին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր