211652_close_icon
views-count6155 դիտում article-date 10:20 26-05-2017

ՀՀԿ-ում իրարանցում է. շատերը մանդատը վայր են դնելու. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ Երևանի ավագանու նոր կազմը կանցնի աշխատանքի, «հին» ավագանին դեռ մեկ նիստ էլ ունի անցկացնելու: Մայիսի 30-ին տեղի է ունենալու այդ կազմով վերջին նիստը, սակայն բոլորի ուշադրությունը սևեռված է քաղաքային նոր իշխանության ձևավորման, հատկապես՝ ՀՀԿ-ի ավագանու թեկնածուների վրա: Ճիշտ է, սա խորհրդարանի գրավչությունը չունի, բայց պակաս հետաքրքրություն չի ներկայացնում ցուցակագրված 195 թեկնածուների համար: Մինչ այդ հիշեցնենք, որ, ըստ ԿԸՀ-ի, ՀՀԿ-ն ավագանիում ունենալու է 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 14, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 5: Այսինքն, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն ստացել է 71,25 տոկոս կամ 240034 ձայն, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոս կամ 70730 ձայն, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26107 ձայն: «Ելքը» հայտարարել է, թե ովքեր են ավագանու իր անդամները, և այստեղ ներքին խմորումներ չկան, «Երկիր ծիրանի» կուսակցության գործերը դեռ շատ խառն են, հայտնի չէ, թե ինչ որոշման կհանգի Զարուհի Փոստանջյանը՝ կվերցնի՞ մանդատները, թե՞ ոչ: Մեծ իրարանցում է ՀՀԿ-ում: Եթե մյուսների պարագայում ցուցակից ամեն ինչ պարզ էր, այսինքն, առաջին տասնյակում ընդգրկվածները դառնալու են ավագանու անդամներ, ապա ՀՀԿ-ի պարագայում դեռ անակնկալներ կլինեն: Մեր տեղեկություններով, մեծ թվով մարդիկ են վայր դնելու մանդատները»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր