Արցախի խորհրդարանի նախագահը ներկայացրել է ԱԺ մշտական հանձնաժողովներում կատարված օրենսդրական աշխատանքը
Արցախի Հանրապետութան 6-րդ գումարման Ազգային ժողովը մայիսի 31-ին գումարել է հերթական լիագումար նիստը:
Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է այս ընթացքում ԱԺ մշտական հանձնաժողովներում կատարված օրենսդրական աշխատանքը, մասնավորապես, «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի շուրջ ծավալված քննարկումների արդյունքները:
ԱԺ նախագահը նաև նշել է, որ այսօր շրջանառության մեջ է դրվել Աշխատակարգը՝ որպես Աժ որոշման նախագիծ և հավելել, որ շուտով կմեկնարկեն նախագծի շուրջ քննարկումները:
Օրենսդրական հարցերի շարքից խորհրդարանը նախ քննարկել է «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ-ի ծրագրի կատարման 2016թ-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը: Օրենքի ընդունումը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2016թ-ի օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների և լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների ընթացքը՝ հնարավորություն տալով նաև հանրությանը իրազեկված լինել մասնավորեցման գործընթացի մասին:
Ներկայացնելով օրինագծի վերաբերյալ հարակից զեկույցը՝ Վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը նշել է, որ օրինագծի շուրջ իրենց կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանում արտացոլված են օրենքով ամրագրված հիմնական պահանջները:
Օրինագծի մասին հարակից զեկույց է ներկայացրել նաև ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը, ում խոսքով հանձնաժողովը դրական եզրակացությամբ լիազորել է նախագիծը ներկայացնել լիագումար նիստին:
Խորհրդարանը քննարկել և ընդունել է ներկայացված օրենքը:
[b]Արցախի Հանրապետության
Ազգային ժողովի մամուլի ծառայություն[/b]