Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում տեղի են ունեցել օրենքների նախագծերի քննարկումներ
Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:
Հանձնաժողովի անդամները քննարկել են Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը: Քննարկմանը ներկա է եղել նաև ԱԺ «Հայրենիք» խմբակցության կողմից առաջադրված ՄԻՊ թափուր պաշտոնի թեկնածու Արտակ Բեգլարյանը:
Այնուհետև կառավարության լիազոր ներկայացուցիչ, ԱՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագիծը:
Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացությամբ առաջարկել է հարցերն ընդգրկել առաջիկա լիագումար նիստի օրակարգում:
Ավելի վաղ տեղի է ունեցել ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արպատ Ավանեսյանի նախագահությամբ:
Հանձնաժողովը քննարկել է Արպատ Ավանեսյանի հեղինակած՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելլու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագիծը:
Նախագծերի փաթեթը դրական եզրակացությամբ ընդգրկվել է լիագումար նիստի օրակարգում:
[b]
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]