211652_close_icon
views-count6779 դիտում article-date 23:30 07-06-2017

Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Էներգախնայողության, էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի հետ կապված համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանի և Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին՝ զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը նշել է, որ էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերն այսօր Երևանի քաղաքապետարանի առաջնահերթություններից են, ու ներկայացրել է գործընկեր միջազգային կառույցների հետ արդեն իսկ իրականացված համատեղ ծրագրերը: Տիգրան Սարգսյանն առանձնացրել է մասնավորապես ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի մասնակցությամբ իրագործված նախաձեռնությունները՝ մայրաքաղաքի որոշ բազմաբնակարան շենքերում, Երևանի կենդանաբանական այգում, ինչպես նաև մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում, հավելելով, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է այս ուղղությամբ համատեղ ծրագրեր կյանքի կոչելու հարցում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և իրականացված ծրագրերը ներկայացնելու համար՝ Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագն էլ նշել է, որ գործակալությունը մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում աշխատելու փորձ ունի, և հույս է հայտնել, որ առաջիկայում Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նոր ծրագրեր կյանքի կոչելու հնարավորություն ևս կունենա: Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել են նաև Երևանի քաղաքապետարանի ներդրումային առաջարկները: Կողմերը պայմանավորվել են շարունակել գործնական շփումներն ու նախանշել համագործակցության հնարավոր ուղղությունները:

Նմանատիպ նյութեր