211652_close_icon
views-count3440 դիտում article-date 11:11 17-06-2017

Չշարունակել «աբիժնիկական» հայտարարությունները, և խոսակցությունը տեղափոխել կառուցողական դաշտ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու ելույթում ես, ճիշտն ասած, ոչ առանձնապես սուր քննադատություն տեսա, ոչ արտառոց ձևակերպումներ, ոչ էլ, առավել ևս, Հայաստանի ինք­նիշխանության հանդեպ նկրտումներ: Այսինչ հարցում լավ է, այնինչ հարցում վատ է, այստեղ առաջընթաց կա, այնտեղ չկա: Նման ելույթներ առաջներում նույնպես ունեցել են թե Սվիտալսկին, թե արևմտյան այլ դիվանագետներ: Չեմ կարծում, որ նա դուրս է եկել իր դիվանա­գիտական գործառույթներից: Բայց, եթե նման բան կա, ապա մենք ունենք ԱԳՆ, որը պետք է խստորեն հետևի դեսպանների վարքագծին և սխալ թույլ տված դիվանագետին կանչի նախա­րարություն ու մատնանշի այդ սխալը: Եթե նման բան չկա, ապա «ներքին գործերին խառնվելու» մասին հայտարարություններին թույլ տվեք չհա­վատալ: Վերցնենք այսպիսի մի դեպք: Ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի անդամ Արայիկ Գևորգյանը հայհոյանքներով և սպառնա­լիքներով հարձակվել է «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի վրա, իսկ ոստիկանությունը հրաժարվեց քրեական գործ հարուցել՝ հայտարարելով, որ այստեղ հանցակազմ չկա: Ենթադրենք, որևէ դիվանագետ ինչ-որ մի սեմինարի ժամանակ արձանագրում է այդ փաստը: Արդյո՞ք դա կհամարվի ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանու­թյան հանդեպ: Կարծում եմ՝ ոչ: Դա պարզապես ազդանշան է՝ ուղղված ընտրական հանձնաժողո­վին և ոստիկանությանը: Կուզեն՝ ուշադրություն կդարձնեն, չեն ուզի՝ իրենց կպահեն «սուվերեն»՝ օրենքից և բարոյականությունից: Քաղաքական գործիչները, պաշտոնյաները, ինձ թվում է, հակառակը՝ պետք է շարունակեն աշխա­տել, մասնավորապես, Եվրամիության հետ, դա, բացի օգուտից, ոչ մի այլ հետևանք չի բերի: Օրինակ՝ ընտրական տեղամասերում լուրջ խախ­տումների էական նվազումն այս օգուտներից մեկն է: Ի՞նչ պետք է անել նվազեցնելու համար վար­չական ճնշումն ու ընտրակաշառքը՝ դա զուտ քա­ղաքական խնդիր է: Սվիտալսկին ճի՞շտ է վար­վել, որ մատնանշել է այդ խնդիրը: Վստահ եմ, որ՝ այո, և այստեղ ոչ մի նեղվելու բան չկա: Այնպես որ, կառաջարկեի իշխանության ներ­կայացուցիչներին չշարունակել «աբիժնիկական» հայտարարությունները և, ինչպես ասում են, խո­սակցությունը տեղափոխել կառուցողական դաշտ: Ո՞րն է այդ դաշտը: Իհարկե, երկխոսությունը՝ ոչ այնքան դեսպանների, որքան սեփական հասա­րակության հետ: Իսկ դեսպանները... Նրանք արտահայտում են իրենց երկրների, իրենց կառույցների արժեքային համակարգը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր