211652_close_icon
views-count2572 դիտում article-date 16:05 19-06-2017

ՀՀ սփյուռքի նախարարությունը և կիպրոսյան գրասենյակը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հունիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրի ստորագրում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև: Կիպրոսի պատվիրակության կազմում էին Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը, հանձնակատարի խորհրդական Ալեքսանդրոս Կաիսը, հանձնակատարի սփյուռքի հարցերով խորհրդական Տալիա Նատոնիուն: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հյուրերին և կարևորեց երկու երկրների միջև միջազգային հուշագրի ստորագրումը՝ որպես համագործակցության սկիզբ: Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը նույնպես կարևորեց հուշագրի ստորագրումը՝ այն համարելով պատմական իրադարձություն: Նա մասնավորապես նշեց. «Հայաստանը և Կիպրոսը պատմական և մշակութային կապեր ունեն: Մեր երկրները համագործակցում են շատ բնագավառներում, հաճախակի են նախագահների, վարչապետերի մակարդակով փոխայցելությունները, որ ցույց են տալիս, թե որքան լավ հարաբերություններ ունենք: Այսօր քննարկելու ենք սփյուռքի հարցերով մեր ջանքերը միավորելու, համագործակցությունն ավելի ընդլայնելու հեռանկարները: Ուզում եմ նաև Կիպրոսի Նախագահի և կառավարության անունից շնորհակալություն հայտնել Կիպրոսի հարցում հանգուցալուծման հասնելու գործընթացին աջակցելու համար: Կիպրոսը Եվրամիության անդամ է, ի դեմս Կիպրոսի դուք լավ ընկեր ունեք նաև ԵՄ-ում: Կարելի է ասել, որ Կիպրոսը Հայաստանի դեսպանն է ԵՄ-ում: Հուսով եմ, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Կիպրոսում, նաև Հունաստանի մասնակցությամբ»: ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց գերատեսչության ծրագրերը, քննարկվեցի համագործակցության ոլորտները և ուղղությունները: Հուշագրի ստորագրումից հետո ցուցադրվեց ֆիլմ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր