211652_close_icon
views-count4893 դիտում article-date 10:17 20-06-2017

Մինսկի խումբը փաստի առաջ կանգնեցրեց Սերժ Սարգսյանին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան բավական լարված ֆոն ունեցավ: Նախ, դրանից առաջ երկար ժամանակ միջազգային փորձագիտական հեղինակավոր կենտրոնները, ինչպես Միջազգային ճգնաժամային խումբը, National Interest-ը Ղարաբաղում պատերազմի վերսկսման կանխատեսումներ էին անում: Հայկական կողմը առաջ է մղում շփման գծում խաղաղության ամրապնդման ծրագիրը, հետաքննության մեխանիզմների տեղակայումը`թեկուզ միակողմանիորեն, և բանակը նոր ու ժամանակակից սպառազինություններով համալրելու խնդրի լուծումը: Պաշտոնական Երևանը, սակայն, ևս մեկ ռազմակավարական ուղղություն է հետապնդում, այն է` միջազգային հանրության աչքում և հատկապես հակամարտության մեջ ներգրավված երկրների հետ հարաբերություններում Ադրբեջանի վարկաբեկումը: Այս ռազմավարության հեռահար նպատակը Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների հասնելն է: Այս ուղղությամբ առաջընթացը եթե նույնիսկ կա էլ, ապա ծայրահեղ դանդաղ տեմպերով է և դժվար տեսանելի: Ամենախոշոր ձեռքբերումը մեկ ամիս առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական հայտարարությունն էր այն մասին, որ Ադրբեջանը խախտել է զինադադարը: Մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմը գնդակոծել էր ռազմական օբյեկտ, որը մասնակի վնասվել էր, մարդկային կորուստների մասին խոսք չկար: Այս անգամ 4 երիտասարդ կյանքերի մասին է խոսքը: Սակայն Ալիևի հետ այսօր կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությունն արդեն իսկ չէր խոսում այն մասին, որ Մինսկի խումբը պատրաստվում է հերթական հասցեական հայտարարությունն անելուն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` այսօր երեկոյան տարածած հայտարարությունը, որտեղ ոչ մի դատապարտող բառ չկա հայ զինվորների զոհվելու հետ կապված, և փոխարենը խոսվում է քաղաքական գործընթացը վերսկսելու մասին, կարելի է համարել Ադրբեջանի հաղթանակը: «Նախագահներն իրենց մտադրությունն են արտահայտել վերսկսել քաղաքական երկխոսությունը՝ փորձելով փոխզիջումային լուծում գտնել կարգավորման ամենավիճահարույց հարցերի համար»,- ասված է հայտարարության տեքստում: Հայտարարության այս հատվածը էլ ավելի մեծ հաղթանակ է Ադրբեջանի համար, քանի որ ուղղակի ճնշում է Սերժ Սարգսյանի վրա: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը քաղաքական երկխոսությունը վերսկսելու մտադրություն է հայտնել: Ավելի հավանական է, որ ոչ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս հայտարարությամբ նրան փաստի առաջ են կանգնեցրել, և առաջիկայում պաշտոնական Երևանի հայտարարություններում սա կերևա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր