211652_close_icon
views-count2130 դիտում article-date 17:42 20-06-2017

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը ցավով անդրադարձել է վերջին մեկ ամսվա ընթացքում Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին, որոնց հետեւանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել: ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները եւ կարեւորում այդ չարիքն արմատախիլ անելու պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորումը»: Արա Բաբլոյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունների երկկողմ օրակարգն հետզհետե ընդարձակվում է՝ արձանագրելով հայ-բրիտանական քաղաքական շփումների եւ համագործակցության ակտիվացում: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեությունը, որի շնորհիվ մեր երկրում իրականացվում են բազմաթիվ կրթական եւ մշակութային ծրագրեր՝ նպաստելով հայ-բրիտանական կապերի ամրապնդմանը: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարությունը զարգացնելու, մարդու իրավունքները պաշտպանելու հստակ ուղղությամբ՝ աշխարհում խաղաղության եւ ժողովրդավարության համար պայքարող քաղաքակիրթ հանրության մասը կազմելով: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել այդ հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի ունեցած դիրքորոշման համար եւ նշել, որ Հայաստանը հաստատակամ է հակամարտությունը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: ՀՀ ԱԺ նախագահը փաստել է. «Որպես բժիշկ՝ առավել կարեւորում եմ մարդկային կյանքը եւ ցավ եմ ապրում, երբ խաղաղ պայմաններում, հրադադարի ժամանակ երիտասարդներ են զոհվում: Քսանմեկերորդ դարում եւ քաղաքակիրթ աշխարհում սա անընդունելի է»: ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ : Դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը խորհրդարանական կառավարման մեծ փորձ ունի եւ կարող է աջակցել Հայաստանին՝ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները զարգացնելու, ժողովրդավարությունն ամրապնդելու գործում: Ջուդիթ Ֆարնուորթը ցավակցություն է հայտնել վերջին օրերին շփման գծում զոհված չորս զինծառայողների մահվան կապակցությամբ՝ նշելով, որ հրադադարի պայմաններում այդ երիտասարդների մահն իրոք ցավալի եւ անընդունելի է: Այս համատեքստում տիկին Ֆարնուորթը փաստել է, որ Մեծ Բրիտանիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումները եւ հակամարտության լուծումը տեսնում բացառապես բանակցային ճանապարհով: Դեսպանը նշել է, որ երկրները չեն կարող ընտրել իրենց աշխարհագրական դիրքը, բայց կարող են ընտրել ապագան. Հայաստանում տեսանելի են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ուղղությամբ կատարվող քայլերը: Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են կառավարման խորհրդարանական համակարգին, մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը, հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերին:

Նմանատիպ նյութեր