211652_close_icon
views-count3072 դիտում article-date 14:51 28-06-2017

ՀՀ ԱԻՆ-ում ստորագրվել է եռակողմ համաձայնագիր. ՀՀ սահմանամերձ համայնքները կլինեն առավել դիմակայուն և պաշտպանված. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հունիսի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև ստորագրվեց «Հայաստանի Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության փրկարարական ծառայության կարողությունների զարգացման ոլորտում 2017-2018թթ. Համագործակցության ծրագիր» եռակողմ համաձայնագիրը: Ծրագիրը ստորագրեցին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը: Ծրագրի նպատակն է սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանությունն ու բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացումը: Ծրագրով նախատեսվում է սահմանամերձ համայնքներում գործող Արտակարգ իրավիճակների նախարարության հենակետերում իրականացնել առաջին բուժօգնության վերապատրաստման դասընթացներ, ինչը թույլ կտա տեղում գործող ուժեղացված փրկարարական ուժերին ավելի արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին: Նախատեսվում է նաև վերապատրաստման դասընթացներ անցկացնել համայնքների մանկապարտեզների և դպրոցների մանկավարժական կազմի հետ, որպեսզի վերջիններս էլ իրենց հերթին սովորեցնեն երեխաներին անվտանգության վարքականոնները տարատեսակ աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ: Բնակչության պաշտպանության և պատրաստվածության դասընթացների կարևորագույն բաղադրիչներից է նաև միջազգային մարդասիրական իրավունքի ուսուցանումը: Շնորհակալություն հայտնելով Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանն ու Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ ԱԻ նախարարը նշեց. -Սահմանամերձ համայնքներում բնակչության պաշտպանությունն ու պատրաստվածությունը յուրահատկություններ ունեցող ոլորտ է, և շատ կարևոր է, որպեսզի բնակիչները պատրաստված լինեն տարատեսակ արտակարգ իրավիճակներին արձագանքելուն: Սա իրական աջակցություն է համայնքներին, վերջիններիս դիմակայունության բարձրացման հարցում: ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանն իրենց խոսքում նույնպես շեշտեցին դիմակայուն սահմանամերձ համայնքներ ունենալու կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով այս հարցում սերտորեն գամագործակցել ՀՀ ԱԻ նախարարության հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր