«Մանչեսթեր Յունայթեդն» իրականացրեց տարվա ամենաաղմկոտ տրանսֆերը
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը հայտնեց տարվա թերևս ամենաաղմկոտ տրանսֆերի մասին. «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տեղափոխվում է Մոուրինյոյի թիմ:
Տրանսֆերի արժեքը գնահատվում է 100 մլն ֆունտ, որից 75-ը միանվագ վճարն է, 15 միլիոնը՝ տարատեսակ պարգևավճարները, 10 միլիոնը՝ հարձակվող Ուեյն Ռունիի արժեքն է, որը «Մանչեսթեր Յունայթեդից» անվճար կտեղափոխվի «Էվերթոն»:
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ Լուկակուն դեռ պետք է բուժհետազոտություն անցնի: Այսպիսով, մանկունյանցիները 24-ամյա բելգիացու համար պայքարում կարողացան վերջին պահին հաղթել «Չելսիին», որը օրերս նույնպես 75 մլն ֆունտ էր առաջարկել Լուկակուի համար:
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ այս տրանսֆերը խիստ զայրացրել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, որը թիմի ղեկավարությունից պահանջել էր ամեն գնով ձեռք բերել բելգիացուն:
Ուշագրավ է, որ Լուկակուն հենց «Չելսիից» էր 2014 թվականին 28 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվել «Էվերթոն»: