211652_close_icon
views-count47944 դիտում article-date 11:07 13-07-2017

Ծնունդդ շնորհավոր, զինվոր. Հայոց բանակը հզոր ու անպարտ է ձեր նմաններով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հարգանք, պատիվ, անուն ու իհարկե, մաքուր հետագիծ: Բանական մարդուց պահանջվող ամենակարևոր հատկանիշներն են, որոնց շնորհհիվ նա դառնում է հասարակության լիիրավ անդամն ու ակամայից ընդունվում և հարգվում է նրանց կողմից: Այս ամենը ավելի է կարևորվում, երբ ծառայում ես զինված ուժերում ու գործ ունես տարբեր մտածելակերպի, տարբեր հասկացողության տեր մարդկանց հետ: Մատաղիսում մի սերժանտ կա, անունը՝ Միքայել. իր ծառայությամբ, կազմակերպվածությամբ ու մարդ տեսակով նա կարողացել է շահել բոլորիս համակրանքը: Միքայելին ճանաչում եմ այն ժամանակվանից, երբ դեռ նորակոչիկ էր: Հիշում եմ՝ առաջին անգամ հանդիպեցինք գնդի բուժկետում ու զրույցի բռնվեցինք: Մյուս նորակոչիկներին նա նման չէր, կարելի է ասել՝ շատ էր տարբերվում: Իր հարցադրումներով, արդեն պատասխան պարունակող ճշտումներով նա ցույց էր տալիս, որ բանակում, և ոչ միայն, նա դեռ ասելիք ու անելիք ունի, ու շատ բանի կարող է հասնել: Միքայել Հայկի Ալեքսանյանը Երևանից է: Մեր հարազատ մայրաքաղաքի արժանի բնակիչներից է: Նա ունի մի մոլուցք, որի մասին խոսում է անընդհատ: Այդ մոլուցքը գեղեցիկ է, փառահեղ, ադրենալին է պարունակում, որոնց դեպքերում էլ այն այնքան շքեղ է, որ կարողանում է հազարավոր մարդկանց, այդ թվում՝ ոչ սովորական տղային, իրենով անել: Խոսքը իհարկե, ֆուտբոլի մասին է: Միքայելը ֆուտբոլիստ է: Վերջերս նրան հարցրի. -Մի՛ք, որ գնաս, շարունակելո՞ւ ես խաղալ: -Անպայման, առանց որևէ կասկածի,-հպարտ-հպարտ պատասխանեց նա: Հիշում եմ՝ ինչպես մի անգամ գումարտակից դուրս եկա ու տեսա, թե ինչպես է Միքոն մի քանի տղաների հետ ֆուտբոլ խաղում: Չեք պատկերացնի՝ ինչքան նվիրւմ կար այդ ամենի մեջ: Հենց այդպիսի նվիրումի շնորհիվ է, որ այսօր նա բանակում շատ բանի է հասել: Գումարտակում, և ոչ միայն, բոլորը օրինակ են բերում հենց նրան: Հրամկազմը նրան ներկայացնում է, որպես լավագույն զինվորի չափանիշ: Սա այն դեպքերից է, երբ շարքայինից մինչև վերջին սերժանտը, չեն կարող չհամաձայնել այդ փաստի հետ: Միքայելը իսկապես ձեռք է բերել այն ողջ հարգանքն ու պատիվը, որ վայելում է: Սա գալիս է նրանից, որ կարգապահ է: Մի գործ անելիս, առաջինը ինքն է այդ գործը կատարում հետո նոր տալիս իր զինվորներին: Երբ ապրիլյան դեպքերից հետո վերադառնում էինք զորամաս, ճանապարհին մտածում էի մի քանի հոգու մասին միայն: Նրանք այդ ժամանակ նորակոչիկ էին, բայց պատերազմական իրավիճակի ականատեսը եղան: Նորակոչիկներից մեկն էլ հենց Միքայելն էր: Հետո արդեն նրա ծառայակից ընկերներից իմացա, թե ինչ խիզախություն ու նախաձեռնություն է ցուցաբերել նա այդ օրերին: Արդեն մի քանի ամիս է, ինչ Միքոն սերժանտ է և նորակոչիկներին պատրաստում է բանակային ծառայության: Հավատացեք՝ ավելի ճիշտ ընտրություն պարզապես անհնար էր: Ես այդ գումարտակ եմ տեղափոխվել նրանցից երկու- երեք ամիս անց: Նրա ծառայության ականատեսը լինելով՝ հասկացել եմ, որ արժանին միշտ էլ գնահատվում է: Միքայելին կարելի է տեսնել երկու իրավիճակում միայն: Կամ կտեսնես չափազանց զբաղված՝ ինչ- որ գործ անելիս, կամ էլ մի հետաքրքիր թեմայի շուրջ զրույցի բռնված: Չեմ հիշում նման դեպք, երբ տեսած լինեմ նրան անիմաստ քայլելուց: Առհասարակ, նրան անիմաստ բան անելուց տեսնելն անհնար է: Ով էլ լինի, ինչ էլ անի, թերություններ հաստատ կունենա: Միքայելի մոտ դրանք դեռ չեմ նկատել: Անկեղծ: Այս ամենը կարդալուց, լսելուց ու, իհարկե, ականատեսը լինելուց հետո գալիս ես այն եզրահանգման, որ Հայոց բանակը միշտ էլ կմնա ուժեղ ու տոկուն, հզոր՝ ինչպես առյուծը, բարձր՝ ինչպես արծիվը: Այս ամենը Միքայելի և նրա նման սերժանտների ու զինծառայողների շնորհիվ է: Քանի դեռ այդ տեսակը կա բանակում, միշտ էլ կարելի է հուսալ ու հավատալ, որ նրանց կողմից կրթված ու թեկուզ նրանց հետ շփված զինվորները հաստատ կտարբերվեն մյուսներից: [b]Ավագ սերժանտ Գագիկ ՍՄԲԱՏՅԱՆ ՊԲ N զորամասի սերժանտական խորհրդի նախագահ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր