10510 դիտում
12:04 15-07-2017
Կարող եմ ամբողջ օրը գոռալ՝ «սաղ գող են ու կաշառակեր»՝ ինքս նրանցից մեկը լինելով. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Գիտական հետազոտություններն» այն մասին, թե որ ազգն է իրեն ամենաերջանիկը համարում, որ ազգի կանայք են ամենագեղեցիկը, ում եղունգներն են ամենաերկարը, որի գենն է ամենահինը և այլն, իմ մեջ, մեղմ ասած, կասկածներ են առաջացնում: Դա, իմ կարծիքով, միանգամայն պիտանի է ամառային թեթև ընթերցանության համար, ինչպես, օրինակ, գուշակությունները, թե որ կենդանակերպի նշանի տակ ծնվածին ինչ է սպասվում վաղը, մյուս շաբաթ կամ մյուս ամիս: Երկուսն էլ պարզապես զվարճանալու համար են՝ ովքեր հավատում են, կարծում եմ, չափազանց միամիտ են: «Ամենա-» քաղցր, խելացի, շատակեր, ազատատենչ և այլն ազգերի մասին «բրիտանացի գիտնականների» հետազոտությունները նույն արժեքն ունեն:
Համարձակվեմ անգամ ասել, որ «կոռուպցիայի ընկալման համաթիվը» նույնպես աստվածաշնչյան ճշմարտություններ չի ներկայացնում, եթե «ընկալում» է, ապա՝ սուբյեկտիվ: Ես կարող եմ ամբողջ օրը գոռալ՝ «սաղ գող են ու կաշառակեր»՝ ինքս նրանցից մեկը լինելով: Իմ «ընկալումն», այդպիսով, ոչ մի կոպեկի գին չի ունենա:
Եվ ահա հիմա էլ պարզվեց, որ մենք հետխորհրդային տարածքում «ամենաբարոյական» ազգն ենք: Ինչո՞ւ: Որովհետև պարբերականներից մեկը հարցումներ է հրապարակել, թե ինչպես են այդ ազգերի ներկայացուցիչները վերաբերվում տարբեր «բարոյական» խնդիրներին: Հետաքրքիրը ոչ թե այն է, թե ինչպես ենք մենք հայտնվել նման «առաջատար դիրքերում», այլ այն, թե ինչն են հարցման կազմակերպիչները դիտում բարոյականության հարթության վրա:
Ընտրված թեմաներից միայն մեկը կապ ունի բարոյականության հետ՝ աբորտը: Ենթադրենք, Հայաստանում ավելի շատ, քան այլ երկրներում, դա անբարոյականություն են համարում: Սակայն ինչպես և կոռուպցիայի դեպքում, մի բան է «համարելը», այլ բան է՝ ապրել քո այդ կարծիքին համապատասխան: Մնացած բոլոր չափանիշներն, իմ կարծիքով, բարոյականության տեսանկյունից «չեզոք» են:
Օրինակ՝ սեռական հարաբերությունները ամուսնությունից առաջ ցանկացած մարդու անձնական գործն է, դրա առկայությամբ կամ բացակայությամբ հնարավոր չէ որոշել մարդու բարոյականության աստիճանը (եթե ընդհանրապես որևէ մեկը նման խնդիր է դնում): Նույնը՝ սեռական կողմնորոշումը, ո՞ւմ ինչ գործն է՝ ով է ավելի բարոյական՝ «նատուրալ» մարդասպան և կաշառակե՞րը, թե՞ միասեռական օրինապաշտը:
Մնացածը՝ ալկոհոլ, թմրանյութ օգտագործելը կամ ծխելը նույնպես բարոյականության հետ կապ չունեն: Վերջին երկուսը միանշանակ վնասակար են առողջության համար, ով դրան համաձայն է՝ իր ընտրությունն է: Չափի մեջ կարմիր գինի օգտագործելը, հակառակը՝ օգտակար է առողջության համար, բայց դա նույնպես ոչինչ չի ասում մարդու «բարոյական կերպարի» մասին:
Իսկ ընդհանրապես, «բարոյական ազգ», «տաղանդավոր ազգ», «աշխատասեր ազգ», «չարագործ ազգ», «երախտամոռ ազգ» բնորոշումները նույն արժեքն ունեն, որն ունի պնդումը, թե «այս կենդանակերպի նշանի տակ ծնվածներն օժտված են համբերատար և կայուն բնավորությամբ»: Ինչպե՞ս կարելի է նույն բանն ասել առնվազն կես միլիարդ մարդու մասին»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
176668 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»