3423 դիտում
19:12 17-07-2017
«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներն այցելեցին Ազգային Ժողով
Հուլիսի 17-ին «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀ Ազգային Ժողով, որտեղ նրանց ընդունեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց Սփյուռքի հայ համայնքներում ուսուցիչների՝ հայապահպանությանն ուղղված ազգանվեր գործունեությունը: Նա նշեց, որ պատիվ է նախարար Հրանուշ Հակոբյանի հետ աշխատելը, քանի որ նախարարը մշտապես վարակում է լուսավոր գաղափարներով:
Անդրադառնալով այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ժամանակ ռուսերենին՝ Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ տալու առաջարկին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունում պետական միակ լեզուն հայերենն է, ինչը սահմանադրական նորմ է:
Էդուարդ Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ հայության խնդիրը Սփյուռքում հայապահպանությունն է, իսկ Հայաստանում՝ Արցախի հարցի հայանպաստ լուծումը: ՀՀ ԱԺ փոխնախագահը հորդորեց սփյուռքահայ մանկավարժներին իրենց ամենօրյա գործունեությամբ աշխարհին ճանաչելի դարձնել Արցախը:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց. «Հայաստանը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է, բայց ոչ երբեք միակողմանի զիջումների ճանապարհով: Արցախի հաղթանակը հայ ժողովրդի հավաքական հաղթանակն է»:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հորդորեց միասնական լինել՝ փաստելով, որ հայ ժողովրդի հաջողության գրավականը միասնությունն է:
Էդուարդ Շարմազանովը համառոտ ներկայացրեց նաև ՀՀ Ազգային ժողովի գործառույթները, խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորվածությունը, սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու առանձնահատկությունները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, նման հանդիպումները առավել բովանդակալից են դարձնում ծրագիրը: Նա ասաց, որ «Սփյուռք» ամառային դպրոցը 5 տարեկան է և ներկայացրեց ծրագրի նպատակը և դասընթացների ուղղությունները:«Այն, որ ծրագիրը հաջողված է, վկայում է նաև տարեցտարի մասնակիցների թվի աճը: Սիրելի՛ մասնակիցներ, ձեզ համար փայլուն օրինակ է տաղանդավոր երիտասարդ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով իր մասնագիտական և քաղաքական ունակություններով կարողացել է հաջողությունների հասնել Հայրենքիում: Մեր երկիրը միայն չափերով է փոքր, իսկ աշխարհում մենք 10 միլիոն ենք: Ձեր օգնությամբ և անմիջական մասնակցությամբ մենք շատ ավելի շուտ կհասնենք մեր երազած հզոր Հայաստանին», - ասաց ՀՀ սփյուռքի նախարարը:
Նախարարն ընդգծեց, որ 2018թ. Հայաստանում և Սփյուռքի համայնքներում նշելու ենք Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը և Երևանի 2800-ամյակը: «Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր բնակության երկրում ամեն բան կանի այդ գեղեցիկ տոները կազմակեպելու, նշելու ուղղությամբ և աշխարհի բոլոր հայերի հայացքները նորից ուղղված կլինեն դեպի Հայրենիք», - հավելեց նախարարը:
Հարցուպատասխանի ձևաչափում մանկավարժները բարձրացրին բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում էին ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, արտագաղթը կանխելուն, աշխատատեղերի ստեղծմանն ու հայրենադարձության խթանմանն ուղղված ռազմավարական ծրագրերին, քաղաքական գործընթացներին Սփյուռքի մասնակցությանը և այլն: Էդուարդ Շարմազանովը բոլոր հարցերի վերաբերյալ տվեց սպառիչ պատասխաններ:
Նմանատիպ նյութեր
1043 դիտում
19:56 02-07-2014
Միջազգային ամառային դպրոցի մասնակիցներն այցելեցին Վճռաբեկ դատարան
1616 դիտում
17:39 06-02-2016
ՀՀ սփյուռքի նախարարությունում քննարկվեցին «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչների դասընթացի կազմակերպչական հարցեր
2930 դիտում
20:15 06-07-2016
Տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
559 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի