211652_close_icon
views-count2903 դիտում article-date 20:15 06-07-2016

Տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 6-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության 2016թ. «Սփյուռք» ամառային ամենամյա դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ-ի հետ համատեղ: Դպրոցի հանդիսավոր բացմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, մտավորականներ, հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով մասնակիցներին՝ նախարարը նշեց. «Ուրախ եմ Հայաստանի և Արցախի 25-ամյա հոբելյանական տարում ողջունել ձեզ Հայրենիքում: Շնորհավորում եմ նաև «Սփյուռք» ամառային դպրոցի 5-ամյա հոբելյանի առթիվ»: Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին՝ նախարարն ընդգծեց, որ դպրոցի մասնակից մեր հայրենակիցներից յուրաքանչյուրն իր բնակության երկրում ամեն ինչ արել է՝ Արցախին օգնելու համար և հավելեց. «Ուզում եմ հիշել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի խոսքերը՝ օրվա մեջ նախ արեք այն, ինչը պարտավոր եք, ապա՝ ինչ կարող եք, և դուք կանեք անհնարինը: Սիրելի՛ մասնակիցներ, ես համոզված եմ, որ Սփյուռքում մեր ոսկեղենիկ մայրենին պահելու և մատաղ սերնդին փոխանցելու գործում դուք անում եք անհնարինը: Մենք բարձր ենք գնահատում ձեր նվիրումն ու ջանքերը, քանի որ ուծացման դեմ պայքարի միակ միջոցը մայրենի լեզվին տիրապետելն է և հայ մշակութային, հոգևոր արժեքներով սերունդներին դաստիարակելը: Վստահ եմ, որ մեր մասնագետները ձեզ համար կկազմակերպեն հետաքրքիր և համապարփակ դասընթացներ, և դուք կվերադառնաք ձեր բնակության երկրներ՝ զինված հայոց լեզվի և հայ մշակույթի մասին անհրաժեշտ ու խորը գիտելիքներով»: Նախարար Հրանուշ Հակոբյանը նաև հույս հայտնեց, որ 2017թ. ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը կանցկացվի ՀՀ ԿԳՆ հետ համատեղ և ԵՊՀ փորձառու մասնագետների ուժերով: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա կարևորեց նման ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ դրանք նպաստում են Սփյուռքում հայապահպանության գործին: Լևոն Մկրտչյանը շեշտեց, որ 2016թ. մեծ թիվ են կազմում վերապատրաստվող պոլսահայ ուսուցիչները, ինչպես նաև մանկավարժները Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերից: Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ «Սփյուռք» ամառային դպրոցը ԵՊՀ հետ համատեղ կազմակերպելու համար՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ համալսարանը ոգևորված և մեծ նվիրումով է լծված դպրոցի իրականացման աշխատանքներին: Կիևի մեկօրյա հայկական դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Մարտիրոսյանը նշեց. «Ծրագրին մասնակից բոլոր ուսուցիչները շնորհակալ են այն հոգատար վերաբերմունքի համար, որ ստանում են ձեզանից: Հայրենիքը մեր արյան, մեր սրտի ու մեր աղոթքների մեջ է, իսկ նրա հետ կապը մենք իրականացնում ենք հենց ձեր միջոցով»: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ համերգ, որը կազմակերպել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնը: Ելույթ ունեցան մշակույթի կենտրոնի սաները՝ (տնօրեն՝ Կարինե Դավթյան) «Կարին» ավանդական երգի-պարի խումբը (ղեկավար՝ Գագիկ Գինոսյան) և այլք: «Սփյուռք» ամառային դպրոցում դասընթացները կանցկացվեն հինգ ուղղություններով՝ 1. Հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի 3-30), 2. Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում (հուլիսի 3-30), 3. «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթաց (հուլիսի 3-16), 4. Լրագրողների  վերապատրաստում (հուլիսի 3-16), 5. Ազգային երգի ու պարի վարպետություն (հուլիսի 3-16): Բացի տեսական ու գործնական դասերից՝ կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր այրերի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր