211652_close_icon
views-count6080 դիտում article-date 11:35 18-07-2017

Ի՞նչ իմաստ կա կայսերական ինչ-որ «կայֆերի» համար հսկայական ԵԱՏՄ-ական վարչակազմ պահել. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ռուսաստանը որոշեց Բելառուսի, Ղրղըզստանի, Ղազախստանի քաղաքացիներին թույլ տալ իր երկրում վարորդ աշխատել այդ պետությունների վարորդական իրավունքներով, բայց Հայաստանի քաղաքացիներին՝ ոչ: Բացատրությունը բավականին հետաքրքիր է՝ հիշյալ երկրներում ռուսերենը երկրորդ պետական լեզու է, իսկ Հայաստանում ռուսերենը նման կարգավիճակ չունի: Հավանաբար, ռուսաց լեզվի պետական կարգավիճակը բարելավում է վարորդների մասնագիտական հմտությունները, և նրանք այլևս Ռուսաստանում վարորդական քննություն հանձնելու անհրաժեշտություն չունեն: Կամ էլ՝ Ղրղըզստանի քաղաքացիներն ավելի լավ են տիրապետում ռուսաց լեզվին, քան մենք՝ հայաստանցիներս: Մի խոսքով՝ փոխեք ձեր Սահմանադրությունը, դարձրեք ռուսերենը պետական լեզու, և ձեր վարորդները կկարողանան աշխատել մեր երկրում` ասում են նրանք մեզ: Պայմանն, իհարկե, մեղմ ասած, օրիգինալ է: Բայց ես չեմ պատրաստվում այստեղ երկար քննարկել Ռուսաստանի քաղաքականությունը՝ իրենց այդպես է ձեռնտու, թող անեն: Մեզ էլ ձեռնտու չէ մեր Սահմանադրությունը փոխել, ինչպես նաև հայերեն կիրիլացայով գրելը: Բայց ինձ տարակուսանք է պատճառում մեր հասարակության էմոցիոնալ արձագանքը՝ բա էլ ինչ դաշնակից, մեզ նվաստացրին, մեզ արհամարհեցին, ևս մի շառաչուն ապտակ և այլն: Ճիշտն ասած, այս համատեքստում ինձ հակառակն է թվում՝ քանի որ մեզ այդ ձևով առանձնացրել են, դա խոսում է մեր առանձնահատկության մասին: Ամեն առիթով կատաստրոֆիկ գնահատականներ տալը հատուկ է մեր հասարակական մտքին: Կարծես թե ժամանակն է ավելի սառը և գործնական լինել: Մեր վարորդների համար անհարմարություննե՞ր են ստեղծվում: Հայաստանի համապատասխան մարմինները պետք է բանակցեն, որ այդ խնդիրները հաղթահարվեն: Չե՞ն կարող բանակցել, նրանց կարծիքը հաշվի չե՞ն առնում՝ պետք է արձանագրել. մեր այսինչ չինովնիկը դիմել է իրենց այնինչ չինովնիկին և ստացել հետևյալ պատասխանը… Բայց պետք չէ գլխին մոխիր լցնել և ձեռքերը ծնկներին խփել: ԵԱՏՄ-ն մեզ օգո՞ւտ տալիս է: Կարծում եմ, որ չի տալիս: Համենայնդեպս, Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի այդ միության հայտարարագրված նպատակները (օրինակ՝ մարդկանց ազատ տեղաշարժը և միասնական աշխատաշուկան) կյանքի չկոչվեն: Ինտեգրացիան, համագործակցությունը, հետևաբար, չեն բխում Ռուսաստանի շահերից: Բայց եթե դա այդպես է, ապա այդ երկիրը վաղ թե ուշ կհրաժարվի այդ նախագծից: Ի՞նչ իմաստ կա կայսերական ինչ-որ «կայֆերի» համար հսկայական ԵԱՏՄ-ական վարչակազմ պահել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր