211652_close_icon
views-count25276 դիտում article-date 10:53 28-07-2017

Դեսովետիզացիա. կարող ենք մեր միջից հանել փտած հոգեբանությունը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանում 1990-ականների սկզբին հարկ չհամարվեց «դեսովետիզացիա» կամ «լյուստրացիա» անցկացնել: Կեղծ «համաժողովրդական» սեփականությունից դեպի թերի շուկայական հարաբերություններ անցումը իրականացվեց մի վերնախավի կողմից, որն ինքը, հավանաբար, ամբողջությամբ չէր ազատվել խորհրդային ախտերից: Արդյունքում պետական, քաղաքական և տնտեսական լծակները հայտնվեցին այն մարդկանց ձեռքին, ում այնքան էլ սրտամոտ չէր ժողովրդավարության և ազատ շուկայի մշակույթը (այդ երկուսը չեն կարող գոյություն ունենալ առանձին-առանձին), և օրինաչափ էր, որ 1998-ին իշխանությունը փոխանցվեց արդեն զուտ խորհրդային մշակույթի կրողներին: Ինչ եմ ես հասկանում «խորհրդային ախտեր» ասելով: Դա նախևառաջ հոգեբանական ֆենոմեն է: Եթե փորձենք այն հակիրճ ձևակերպել, ապա դա անտարբերություն է քո աշխատանքի արդյունավետության հանդեպ, և հակառակը՝ խիստ շահագրգռվածություն է դիմացինի անհաջողությունների, տապալումների հարցում: Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը, վերադառնանք 1937 թիվ՝ մենք այսօր «նշում ենք» ստալինյան լայնամասշտաբ տեռորի տխուր «հոբելյանը»՝ 80-ամյակը: Ստալինի ծրագրի նպատակն էր միլիոնավոր մարդկանց ծրագրված ոչնչացումը: Բայց ոչ մի լավ կամ վատ ծրագիր չի կարող հաջողությամբ իրականացվել, եթե այն չունի կամավոր աջակիցներ, եթե դրանից օգուտներ են քաղում միայն նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են այդ ծրագիրը կյանքի կոչելու: Ստալինյան հրեշավոր ծրագրի «շահառուները» դարձյալ միլիոնավոր մարդիկ էին, և հենց դա է հավանաբար պատճառը, որ այդ «շահած» մարդիկ այդքան պաշտում էին Ստալինին և հոնգուր-հոնգուր լացում էին նրա մահվան առթիվ: Շահագրգռելու մեխանիզմը պարզ էր. եթե ես բանվոր եմ և ուզում եմ զբաղեցնել հերթափոխի պետի տեղը, եթե ես ունեմ մեկսենյականոց բնակարան և ուզում եմ տիրանալ իմ հարևանի երկուսենյականոցին, եթե ես գնդապետ եմ և ուզում եմ դառնալ գեներալ, եթե ես գյուղացի եմ (և կանգնած եմ սովամահ լինելու վտանգի առաջ) և ուզում եմ տեղափոխվել քաղաք, որտեղ սովից չեմ մեռնի, դրա լուծումը ոչ թե աշխատելն է, ոչ թե կատարելագործվելն է, այլ մատնագիր գրելը: Ստացվում է, որ մարդիկ շահագրգռված չեն իրենց աշխատանքով որևէ բանի հասնելուն, փոխարենը կարող են այլ՝ ստոր, անբարոյական մեթոդներով հասնել իրենց երազանքների իրականացմանը: Ահա թե ինչու եմ ես կարծում, որ անցումը շուկայական հարաբերություններին պետք է ուղեկցվի հզոր և անսասան բարոյական սկզբունքների վրա: Իդեալական կլիներ, որ այդ սկզբունքները քարոզեր Հայ Առաքելական եկեղեցին: Բայց բազմաթիվ պատճառներով մեր եկեղեցին չի կարող ստանձնել այն դերը, որը ժամանակին իր վրա էր վերցրել կալվինիզմը: Փոխարենը մենք կարող ենք մեր միջից հանել փտած հոգեբանությունը, համաձայն որի՝ կարելի է կյանքում ինչ-որ բանի հասնել ուրիշի ունեցվածքի կամ հաջողությունների վրա աչք տնկելով: Եվ «անարդարությունը» շտկելու համար՝ «նաչալստվային» դիմելով: «Դեսովետիզացիայի» կամ «դեստալինիզացիայի» տակ ես առաջին հերթին դա՛ եմ հասկանում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր