Արցախի ԱԺ գրադարանում քննարկվել է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գրադարանում օգոստոսի 16-ին կազմակերպվել է Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր, ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանի դասախոսություն-քննարկումը՝ «Ամերիկյան արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում» թեմայով:
Ներկայացնելով դեսպան Շուգարյանին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ կարեւոր է համարում միջազգային քաղաքական իրադրության վերաբերյալ գնահատականներ ու դիտարկումներ լսել մասնագետից, ով երկար տարիներ զբաղվել է ոչ միայն պրոֆեսիոնալ դիվանագիտությամբ, այլ նաեւ՝ ակադեմիական աշխատանքով:
Խոսելով տարածաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքական հետաքրքրությունների մասին՝ Ռուբեն Շուգարյանն անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկային, ամերիկահայ համայնքի գործունեությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ առաջատար վերլուծական կենտրոնների կանխատեսումներին:
Այնուհետեւ դեսպանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին ամերիկյան արտաքին քաղաքականության ուղղությամբ Թրամփի վարչակարգի ունեցած առաջնահերթություններին, աշխարհաքաղաքական կենտրոնների փոխհարաբերություններին եւ դիվանագիտության ոլորտում փոքր երկրների անելիքներին:
Քննարկմանը մասնակցում էին Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, Ֆլեթչերի դպրոցի Թավիթյան ծրագրի շրջանավարտներ, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
ԱՀ ԱԺ մամուլի ծառայություն