211652_close_icon
views-count10597 դիտում article-date 14:50 23-08-2017

Հայաստանը խաղաղություն արտահանող երկիր է և մերժում է ռազմական ցանկացած լուծում. Շարմազանովը՝ ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովում արդեն ձեւավորվել են բարեկամական խմբերը, եւ ինքը շարունակելու է գլխավորել Արգենտինայի հետ բարեկամական խումբը, որը պատկառելի կազմ ունի: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել դեսպանի շահագրգիռ գործունեությունը հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: ՀՀ ԱԺ փոխնախագահը, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը, ընդգծել է միջազգային կառույցներում բարեկամ երկրների համագործակցության նշանակությունը: Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ նախորդ դարասկզբին ապաստան տալով հայերին՝ Արգենտինան դարձել է նրանց երկրորդ հայրենիքը եւ հետագայում վճռական քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը թեւակոխում է նոր փուլ՝ թուրքական ժխտողականության դեմ պայքարի փուլը: Բարձր գնահատելով Արգենտինայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը խաղաղություն արտահանող երկիր է եւ մերժում է ռազմական ցանկացած լուծում: Էդուարդ Շարմազանովը, կարեւորելով փոխայցելությունների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, իր արգենտինացի գործընկերներին հրավիրել է Հայաստան: Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ կարեւորել խորհրդարանական համագործակցության դերը բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը նշել է, որ պետք է օգտագործել խորհրդարանական բոլոր ձեւաչափերը՝ հարաբերությունների համակողմանի զարգացման համար: Դեսպանի խոսքով՝ հայկական համայնքի ներկայությունն Արգենտինայում իր ազդեցությունն է ունեցել երկու երկրների բարեկամության կայացման եւ կապերի խորացման գործում: Հանդիպման ավարտին Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նշել է, որ այս տարի լրանում է Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, եւ դեսպանատունը կազմակերպելու է մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցելու հրավիրել է ՀՀ ԱԺ փոխնախագահին:

Նմանատիպ նյութեր