211652_close_icon

Հաստատվել է «Անվտանգ Հայաստան» ցուցահանդեսի օրակարգը

views-count3806 դիտում article-date 22:53 24-08-2017
2017թ. սեպտեմբերի 2-4-ը «Երևան-Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ, մեկնարկելու է «Arm Security-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը՝ «Անվտանգ Հայաստան» խորագրով: Միջոցառման օրակարգի համաձայն՝ ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունից հետո տեղի կունենա «ԱԻ չեզոքացման և ազդարարման պետական միասնական համակարգի գործումը և դրա զարգացման հեռանկարները» թեմայով լիագումար նիստ: Հաջորդ լիագումար նիստը կկրի «ՀՀ կրթական համակարգում ԱՌՆ ներդրման արդյունքները» խորագիրը: Նիստին կհաջորդի «Հատուկ նշանակության օբյեկտների պաշտպանություն» թեմայով կլոր սեղան քննարկումը, որի ընթացքում ելույթներով հանդես կգան հայ և օտարերկրյա հայտնի փորձագետներ: Ցուցահանդեսի 2-րդ օրը կսկսվի «Բնական աղետների մարտահրավերները և նրանց դեմ պատրաստվածությունը» թեմայով լիագումար նիստով: Դրան կհաջորդի կլոր սեղան քննարկում՝ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի երկկողմ համագործակցության աշխատանքների ձևաչափով: Մեկ այլ լիագումար նիստ կանցկացվի «Հրդեհային անվտանգություն. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով, որին կհաջորդի կլոր սեղան քննարկում՝ ՀՀ, ՌԴ և այլ պետությունների ԱԻ նախարարությունների գործարար շրջանակների մասնակցությամբ: Ցուցահանդեսի ընթացքում հանրությանը ներկայացվելու են աղետների ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների չեզոքացման, փրկարարական գործողությունների իրականացման, արտակարգ իրավիճակների մոնիթորինգի համար նախատեսված նորարարական բարձր տեխնոլոգիական միջոցներն ու սարքավորումները:

Նմանատիպ նյութեր