8038 դիտում
14:57 31-08-2017
Ութերորդ վիրավոր զինվորը Արցախում վերանորոգված առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2016թ. ապրիլի քառօրյա պատերազմին հաջորդող մարտերից մեկում վիրավորված զինվոր Գագիկ Պետրոսյանն այսօր բնակարանամուտ նշեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Առանձնատունը վերանորոգվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից`«Վիրավոր զինվորների բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցել են Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը, իտալահայ գրող Անտոնիա Արսլանը, սփյուռքահայերի խմբի և տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մասնակցեցին բնակրանամուտի արարողությանը:
2003 թվականից ի վեր Թուֆենկյան հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացրել Արցախին աջակցելու նպատակով: 2016թ. ապրիլին, ի պատասխան Քառօրյա պատերազմին, հիմնադրամը ֆոնդահայթայթման հրատապ արշավ նախաձեռնեց պատերազմից տուժած անձանց օգնելու համար: Այս հրատապ դիմումի արդյունքում ստացված դրամական միջոցների և անհատ դոնորների հավելյալ աջակցության շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամը վերանորոգել կամ նոր տներ է գնել 6 վիրավոր զինվորների համար` երեքը Մարտակերտի, երկուսը Հադրութի, մեկը Ասկերանի և մեկը Մարտունու շրջաններում:
Չնայած նախաձեռնությունն ի սկզբանե միտված է եղել Քառօրյա պատերազմին մասնակցած զինվորներին աջակցելուն, հետագայում այն ընդլայնվել է, ներառելով բնակարանային կարիքներ ունեցող բոլոր այն զինվորներին, ովքեր վիրավորվել են մարտի դաշտում և արդյունքում ի զորու չեն վերանորոգել իրենց տները կամ նոր բնակարաններ գնել: Մինչ այժմ, ի հավելումն քառօրյա պատերազմի մասնակից զինվորներին, ծրագրի շրջանակներում են ընդգրկվել Արցախյան ազատամարտի մասնակից երկու զինվորներ:
Գագիկ Պետրոսյանը Թուֆենկյան հիմնադրամից նոր կամ վերանորոգված բնակարան ստացած ութերորդ զինվորն է: Մինչև վիրավորվելը, Պետրոսյանը ծառայում էր Արցախի առաջնագծի զորամասերից մեկում: Ծառայության ընթացքում Պետրոսյանը կռվել և ծանր վիրավորվել է 2016թ. ապրիլյան պատերազմին հաջորդած գործողություններից մեկում, որի արդյունքում հաշմանդամություն է ձեռք բերել:
Այժմ Պետրոսյանը 38 տարեկան է, ամուսնացած է և երկու դուստր ունի: Չնայած ծանր հաշմանդամությանը, կոչումով Կապիտան Պետրոսյանը որպես հետախույզ շարունակում է ծառայել Արցախի պաշտպանության զորքերում: Մինչև Թուֆենկյան հիմնադրամի կողմից առանձնատան վերանորոգւմը, ընտանիքը մոտ 10 տարի ապրել է ծանր բնակարանային պայմաններում, որոնք վնասակար էին իրենց երեխաների առողջության և բարօրության համար: Չնայած Պետրոսյանը փորձել է վերանորոգման աշխատանքներ կատարել, հաշմանդամության պատճառով ստիպված է եղել անավարտ թողնել տան բարեկարգումը:
Բնակարանամուտի արարողության ընթացքում հյուրերին դիմելով Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն ասաց «Այս զինվորներն թողել են ամեն ինչ մեր երկրին ծառայելու և մեր սահմանները պաշտպանելու համար: Նրանց ընտանիքների համար արժանապատիվ բնակարանային պայմանների ապահովումը նվազագույնն է, որ կարող ենք անել այս զինվորների համար:»
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Թուֆենկյան հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում առանձնատունն այժմ լիովին վերանորոգված է: Ի հավելումն ընդհանուր բարեկարգումները, վերանորոգվել է տանիքը, տեղադրվել են նոր պատուհաններ և դռներ և նորացվել է հատակը:
Չնայած 2016 թվականի արտակարգ իրավիճակն ավարտվել է, Արցախի զինվորների բնակարանային կարիքները դեռևս լուծված չեն: Հաշվի առնելով նմանատիպ օգնության կարիք ունեցող վիրավոր զինվորների թիվը, հիմնադրամի այս նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի:
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի մասին
Հիմնադրամը բացվել է 1999թ. գործարար Ջեյմս Թուֆենկյանի կողմից` նպատակ ունենալով հզորացնել տեղի քաղաքացիների նախաձեռնությունները, աջակցել հասարակության առավել խոցելի խմբերին, նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և խթանել սոցիալական արդարությունը Հայաստանում: 2003թ. ի վեր Հիմնադրամը ընդլայնել է իր գործունեության շրջանակը դեպի Լեռնային Ղարաբաղ, որտեղ այն խթանում է վերաբնակեցման և զարգացման ծրագրերի իրականացումը շրջանի ամենախոցելի սահմանային գոտիներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
6638 դիտում
16:08 13-03-2018
Իններորդ վիրավոր զինվորը Արցախում նոր առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3776 դիտում
17:20 10-05-2019
11-րդ վիրավոր զինվորը Արցախում նոր առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
448 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
472 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1081 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN