Գներն աճում են, եկամուտները չեն ավելանում: Թոշակներն, աշխատավարձները ե՞րբ են ավելացել. Արմեն Պողոսյան
Հայաստանում բանջարեղենն այս տարվա առաջին կիսամյակում թանկացել է 15 տոկոսով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը՝ հավելելով, թե ամեն ինչն է թանկանում:
Նա նշեց, թե տնտեսական քաղաքականություն հիմնական դրույթն ասում է, որ գների աճին պետք է առաջանցիկ տեմպով զուգակցվի եկամուտների աճը:
«Մեզ մոտ բոլոր բնագավառներում եկամուտները չեն ավելանում: Թոշակները, աշխատավարձները ե՞րբ են ավելացել, որևէ մեկս չենք հիշում: Այս վիճակի մասին նույնիսկ կարիք չկա բարձրաձայնելու»,- ասաց նա:
«Սպառողների միության» նախագահը շեշտեց, թե Հայաստանը գնում է աղքատության: Նա տեղեկացրեց, որ պաշտոնական տվյալներով ՀՀ բնակչության 35 տոկոսն աղքատ է:
«Միջին աշխատավարձը 160 հազար դրամ է, սպառողական զամբյուղը 70 հազար դրամ է: Եթե ընտանիքում 4 հոգի են, և միայն մեկն է աշխատում, ապա 160-ը բաժանում ենք 4-ի, ստացվում է մի թիվ, որը պակաս է նվազագույն սպառողական զամբյուղից»,- նշեց Արմեն Պողոսյանը: