211652_close_icon
views-count5548 դիտում article-date 11:06 05-09-2017

Համացանցը թմրանյութ է, որտեղ վարժվում ես ինչպես քեզ համար հաճելի, այնպես էլ տհաճ զգացողություններին. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երկու շաբաթ համացանցից դուրս լինելու «օրհնյալ» օրերը վերջացան: Սեպտեմբերի 1-ին միացրեցի համակարգիչս, և ինձ վրա փչեց հայկական ֆեյսբուքի քամին… Արձակուրդներին, բարեբախտաբար, հաջողվեց գրքեր կարդալ: Կարևոր չէ, թե ինչ, թեկուզ ոչ այնքան տաղանդավոր ստեղծագործություններ: Ես զգում եմ, թե ինչպես են գրքերն ինձ դարձնում ավելի բարդ, ավելի հարուստ, ավելի հետաքրքիր: Ի հակադրություն ֆեյսբուքյան և ընդհանրապես ինտերնետային գրառումների, որոնք ճիշտ հակառակը՝ ինձ դարձնում են ավելի պարզունակ և աղքատ: Ինչո՞ւ է այդպես: Երևի պատճառը հետևյալն է. մարդը, որը որոշում է գիրք կամ թեկուզ թերթի հոդված գրել, անկախ ինտելեկտի և տաղանդի աստիճանից, իրեն ավելի հավաքված և պատասխանատու է զգում: Նա Մեկն է, Անհատականություն է, Հեղինակ է, որն իր մտքերն է փոխանցում 10, 100, 1000 հոգու: Ֆեյսբուքում մենք միլիարդանոց զանգվածի մասնիկն ենք, որևէ բարձր պարտավորություն չունենք: Այստեղից է, հավանաբար, բամբասանքային-դիլետանտական ոճը, որը գերիշխում է համացանցում (համենայնդեպս` հայկական)` մտքեր, որոնք ծնվում են նախապաշարումներից, տասնամյակներով ձևավորված կարծրատիպերից, ցածրակարգ առասպելաբանությունից, դրանց վրա հիմնված ֆանտաստիկ լուրերից, «աբիժնիկությունից», մթին բնազդներից, որևէ մեկին կծելու, խայթելու ցանկությունից: Aravot.am-ում, օրինակ, կան ընթերցողներ, որոնց նյարդերին ակնհայտորեն ազդում է իմ գրած ամեն մի տողը: Գրքի կամ թերթի պարագայում լուծումն ակնհայտ է. չկարդալ այն տեքստերը, որոնք քեզ այդքան զայրացնում են և պարունակում են քո կարծիքով անգրագետ հիմարություններ կամ իշխանության գովք, ժամանակ և նյարդեր չծախսել այդ տեքստերի վրա: Եթե դա գիրք լիներ կամ թերթ, մարդիկ, բնականաբար, այդպես էլ կվարվեին, գիրքը կարելի է մի կողմ դնել, վերադարձնել գրապահարան և մոռանալ դրա մասին: Ինձ հայտնի չէ որևէ դեպք, երբ ընթերցողը մոտենում է գրապահարանին, տեսնում է իր չսիրած գիրքը և ատամները սեղմելով ֆշշացնում է հեղինակի հասցեին` ախ դու սրիկա: Համացանցն ուրիշ է, դա թմրանյութ է, որտեղ դու վարժվում ես ինչպես քեզ համար հաճելի, այնպես էլ տհաճ զգացողություններին, որոնցից հրաժարվելը շատ դժվար է: Դա մի տարածք է, որտեղ սովոր ես անել թեթև, չհիմնավորված, բայց դաղող դատողություններ: Այդ ամենի լուծումը տալիս է, ինչպես միշտ, ժամանակը և փորձառությունը, որը երբեմն մեդիագրագիտություն են անվանում: Ժամանակի ընթացքում մենք սովորում ենք օգտվել այն դրականից և հսկայական առավելություններից, որոնք տալիս է համացանցը, և մաղով անցկացնել անկարևորը, մակերեսայինը, պատահականը: Իսկ ամենակարևորը` պետք է ավելի շատ գրքեր և թերթեր կարդալ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր