211652_close_icon
views-count5821 դիտում article-date 09:38 07-09-2017

ՀՏ Հայկոյից բացի ԱԺ-ի բուֆետը հետաքրքրում է ևս 5 հոգու. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքելով armtimes.com-ի «ԱԺ-ի բուֆետը կռվախնձոր՝ ռեփերի և հրուշակագործի միջև. ի՞նչ կապ ունի Արա Բաբլոյանը» վերտառությամբ հոդվածին՝ պարզաբանել է կառույցի բուֆետի շուրջ բարձրացած աղմուկը: Մասնավորապես՝ տեղեկացրել էինք, որ ԱԺ բուֆետը շուտով կառավարվելու է նոր ՍՊԸ-ի կողմից, իսկ ներկա ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Գրիգորյանն armtimes.com-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Ազգային ժողովի ղեկավարությունը ցանկանում է մրցույթ անցկացնել: ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը armtimes.com-ին տեղեկացրեց, որ այս պահին մրցույթ անցկացնելու մտադրություն չկա, հստակեցվում են միայն մրցույթի անցկացման կանոնները: «Բուֆետ, սննդի, հիգիենայի և այդ բոլոր ծառայությունների մասով անհրաժեշտություն կա կատարելու հսկայական բարելավումներ: Մասնավորապես՝ ուսումնասիրելով աշխատակիցների կարծիքները՝ եկանք այն համոզմանը, որ փոփոխություններ պետք է կատարենք և բուֆետում, և զուգարաններում: Այդ բարեփոխումների շրջանակներում ստեղծեցինք մրցութային պայմաններն ուսումնասիրող և սահմանող հանձնաժողով, որը ուսումնասիրությունների արդյունքում պետք է տա մրցութային այնպիսի կանոններ, որի բավարարման դեպքում մենք կունենանք սպասարկման լավագույն որակը: Կարող եմ ասել, որ այս պահին մրցույթ հայտարարված չէ, հստակեցվում են մրցույթի պայմանները: Երբ կունենանք մրցույթի վերջնական պայմաններն այդ ժամանակ նոր կհայտարարվի մրցույթ, որին կարող են մասնակցել բոլորը»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Բաբայանը: Այս պահին Ազգային ժողովի բուֆետի աշխատանքները կառավարում է «Ազգային սնունդ» ՍՊԸ-ն, որի ղեկավարի խոսքով`նախկինում մրցույթ չի անցկացվել, այլ ԱԺ նախկին նախագահի հանձնարարականով հարցը կարգավորել են բանակցային ճանապարհով: Այս մասին Արսեն Բաբայանն ասաց. «Նախկինում որոշակի ուսումնասիրությունների, քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգմանը, որ ներկայիս ընկերությունը կարող է իրականացնել բուֆետի կազմակերպման աշխատանքները: Անցնելով որոշակի ժամանակ և ուսումնասիրելով աշխատակիցների կարծիքները՝ եկել ենք այն համոզմանը, որ անհրաժեշտ է կատարել որոշակի դրական փոփոխություններ»,- ասաց նա և ավելացրեց, որ ԱԺ աշխատակիցների կողմից դժգոհություններ կան բուֆետի սննդի և մաքրության հետ կապված: Բաբայանն անդրադառնալով նաև երգիչ ՀՏ Հայկոյին պատկանող ընկերության կողմից բուֆետի կառավարման տեղեկություններին՝ նշեց, որ երգչից բացի ևս 5 ընկերության սեփականատեր եկել և ուսումնասիրել են բուֆետի տարածքը, սակայն դա չի նշանակում, որ նրանցից որևէ մեկն է ղեկավարելու: «ՀՏ Հայկոյից բացի սպասարկման ոլորտի 4-5 ընկերություն եկել և որոշակի ուսումնասիրություններ է կատարել, որովհետև մինչև մրցույթին մասնակցելը որպես բիզնեսմեն պետք է ուսումնասիրեն: Բնականաբար՝ հիգիենիկ վիճակները պետք է ուսումնասիրեն, թե դա ինչպես պետք է շտկեն, պետք է հասկանան, թե տարածքում ինչպիսի օդափոխման համակարգ պետք է լինի, ինչպիսի վառարաններ պետք է լինեն»,-եզրափակեց Բաբայանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր