211652_close_icon
views-count8209 դիտում article-date 14:41 14-09-2017

Որոշել ենք գյուղացիների պարտքերը զիջել, նայեք՝ նկարչություն չլինի. վարչապետի հանձնարարականները

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գյուղատնտեսական ոլորտում զանազան ծրագրերով գյուղացիներին տրամադրվող պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերի հավաքագրման խնդրին: Խոսելով 2012-2016 թվականների ընթացքում ձևավորված պարտքի մասին՝ վարչապետը հիշեցրեց, որ դեռևս մայիսին տրվել էր հանձնարարական, որ կազմեն ցանկն այն գյուղացիների, ովքեր դեռևս պարտքեր ունեն: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտնեց, որ դիմել են Տարածքային կառավարման նախարարություն ու մարզպետարաններ, որպեսզի հասցեատերերի ցուցակները ներկայացնեն: «Դեռևս հստակ չկան ցուցակները, քանի որ մարզպետարանները տրամադրում են դրանք, հետո պարզվում է, որ թերի են լինում, նորից հետ ենք տալիս, նորից լրացումներ կատարում: Մինչև չլինեն անվանական ցուցակները, չենք կարող ամփոփել ու ներկայացնել կառավարություն՝ զիջելու կամ այլ կարգադրություն տալու համար»,-ասաց գյուղատնտեսության նախարարը: Վարչապետի դիտարկմամբ՝ 2017թ.-ին այս առումով պարտք չի եղել և նշեց, որ այս տարի սուբսիդավորման մեխանիզմների տրամադրման ժամանակ ֆինանսական կարգապահությունը 100 տոկոսով է եղել: «Մենք որոշել ենք, որ այն պարտքերը, որոնք կուտակվել են գյուղացիների մոտ, զիջել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և մաքուր էջից սկսել, քանի որ պրակտիկան թույլ է տալիս առանց պարտքերի կարգավորել այդ խնդիրը»,-հայտնեց նա: Վարչապետը հանձնարարեց մարզպետներին մեկ ամսվա մեջ կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը ու ներկայացնել, որն էլ նախարարությունն էլ մեկ ամսում պետք է ամփոփի: Բացի այդ, Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց պարտքի ցանկը ստանալուն պես համապատասխան առաջարկություն ներկայացնել պարտքերի զիջման մեխանիզմների կիրառմամբ: «Այսուհետ շատ կոշտ կարգագրությամբ գնում ենք, բոլոր միջնորդ կազմակերպություններին հանում ենք, աշխատում ենք ուղիղ հասցեատիրոջ հետ, մի անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին ու գնում ենք առաջ»,-ասաց նա: Խնդրի շրջանակներում վարչապետը տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին էլ հանձնարարեց մաքսիմալ ուշադիր լինել այդ ցուցակների նկատմամբ, քանի որ նախկին պրակտիկայի մեջ դեպքեր են եղել, որ «ֆիկտիվ հասցեատերեր են եղել»: Արձագանքելով ասվածին՝ Դավիթ Լոքյանը նշեց, որ պարզապես կան գյուղապետեր, ովքեր չեն բաշխել գյուղատնտեսական այդ սերմերը, պարարտանյութերը և այլն, և նրանցից ոմանք օրինակ ՀՀ-ում չեն, և խնդիրը հենց սա է: «12 տոկոսով է պակաս ամբողջ գումարից, 12 տոկոսը այն գյուղապետերն են, ովքեր ստացել են, չեն բաշխել կամ այլ խնդիր է եղել»,-ասաց նա: Ի պատասխան ասվածին վարչապետը հարցրեց, թե այսինքն՝ 12 տոկոսը հասցե չունի՞, իսկ նախարարը դրական պատասխանեց: «Գյուղապետերի մեծ մասը կա՞ն»,- շարունակեց հարցադրումները վարչապետը և Դավիթ Լոքյանը կրկին դրական պատասխան տվեց, որից հետո վարչապետն ասաց. «Դե ֆսյո գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք, գյուղապետերից ստացեք, եթե հասցեատիրոջը չի հասել, ինչո՞ւմն է խնդիրը։ Նայեք, որ նկարչություն չլինի»:

Նմանատիպ նյութեր