211652_close_icon
views-count9207 դիտում article-date 23:09 14-09-2017

Երևանում կանցկացվի Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 6-ը Երևանում կանցկացվի Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը: Փառատոնն այս տարի նվիրված է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին: Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան/: Համերգները կկայանան Արամ Խաչատրյան, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան, Հայաստանի կոմպոզիտորների միության և ՀԲԸՄ համերգասրահներում: Փառատոնի շրջանակում կկայանա 10 համերգ, որոնց ընթացքում կհնչեն հայկական կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների ստեղծագործություններ: Երաժշտասեր հանրությանը կներկայացվեն բազմաժանր համերգներ՝ կամերային, հոգևոր, երգչախմբային, սիմֆոնիկ: Հոկտեմբերի 8-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի /Կասկադ համալիր/ հարևանությամբ կկայանա բացօթյա էստրադային համերգ՝ Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ /գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյան/: Հոկտեմբերի 11-ին կներկայացվի մոնո-օպերա /հեղինակ՝ Սոֆա Ազնաուրյան/: Հոկտեմբերի 24-ին մեկ համերգային երեկո կնվիրվի մանկական երաժշտությանը: Փառատոնը կեզրափակվի Արամ Խաչատրյան համերգասրահում` տոնական սիմֆոնիկ համերգով: Ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար Հովհաննես Չեքիջյան/:

Նմանատիպ նյութեր