10383 դիտում
10:01 21-09-2017
Պատերազմի սպառնալիք ՄԱԿ-ի ամբիոնից. Հայաստանի բացառիկ շանսը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում իր ելույթի առյուծի բաժինը նվիրել է ղարաբաղյան խնդրին՝ սպառնալով վերստին ուժի դիմել, ինչպես մեկ տարի առաջ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: «Ադրբեջանը հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, միևնույն ժամանակ, պաշտպանելու է իր քաղաքացիներին, եթե հայկական կողմի ռազմական սադրանքները շարունակվեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Ուշագրավ է, որ Ալիևն անցած տարվա պատերազմը հաղթական է համարում Բաքվի համար` նշելով, որ «ադրբեջանական բանակին հաջողվել է ռազմական այդ գործողությունների ժամանակ որոշ տարածքներ ազատագրել Ղարաբաղի հարակից երեք շրջաններում»:
«Եվ եթե կարիք լինի, մենք կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես որ արեցինք 2016 թվականի ապրիլին»,- հավելել է Ալիևը: Սակայն Ադրբեջանի նախագահի շանտաժն ավելի շատ հասցեագրված է եղել միջազգային հանրությանը: «Առաջատար միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չորս բանաձև են ընդունել՝ պահանջելով անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի տարածքներից: Հայաստանը արդեն 22 տարի է՝ անտեսում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այդ բանաձևերը, և, ցավոք սրտի, չի պատժվում դրա համար: Որոշ դեպքերում Անվտանգության խորհրդի բանաձևերի իրագործումն օրերի հարց է դառնում, մեր դեպքում՝ արդեն 22 տարի ոչինչ չի փոխվում: Սա անընդունելի է»,- ասել է նա:
Եթե անգամ հպանցիկ հայացք նետենք ՄԱԿ-ում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթներին, ապա անզեն աչքով անգամ տեսանելի է, որ նրանց խոսքում բացակայում է բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը, և շեշտը դրվում է միջազգային հանրությանը սեփական փաստարկի ճշմարտացիությունը համոզելու վրա: Իհարկե, Ալիևը դա անում է ագրեսիվ հռետորաբանությամբ` օրակարգ բերելով պատերազմի սպառնալիքը:
Ամբողջ խնդիրն այն է, որ հայ-ադրբեջանական փոխադարձ մեղադրանքները միջազգային ատյանների համար դարձել են ձանձրալի, որովհետև, ի վերջո, քսան-երեսուն տարի հնարավոր չէ լսել գրեթե նույն փաստարկները, ընդ որում, երբ կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշումը ներկայացնում է «միակ ճշմարտության» մակարդակում: Ալիևի իշխանությունն իր ավտորիտար հակումների, կոռուպցիոն սկանդալների պատճառով գտնվում է միջազգային մեկուսացման ճանապարհին: Սա, իհարկե, բացառիկ շանս է Հայաստանի համար, որովհետև Բաքվի դիրքորոշումները ԼՂ հարցում նույնպես կորցնում են իրենց միջազգային քաղաքական լեգիտիմությունը:
Սակայն մեր իշխանական և քաղաքական շրջանակներում թյուր կարծիք կա ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ադրբեջանի միջազգային պրոբլեմներն ինքնաբերաբար չեն ենթադրում Հայաստանի դիրքերի ուժեղացում, որովհետև եթե Երևանում ցանկանում են, որպեսզի աշխարհը ԼՂ խնդրում կանգնի քաղաքակրթական ընտրության առաջ, ապա առնվազն անհրաժեշտ է նոր որակի պետության կայացում: Սերժ Սարգսյանի թեկուզև միանգամայն արդարացի և դիպուկ ձևակերպումները ՄԱԿ-ում և միջազգային այլ հարթակներում չեն կարող ունենալ քաղաքական կշիռ, լեգիտիմություն, եթե պետության զարգացման մեր ընթացքը հակոտնյա է համաշխարհային համատեքստին կամ արտաքին քաղաքականությունն ընկալելի չէ` ինքնաբավ և ինքնուրույն չլինելու պատճառով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8639 դիտում
00:52 13-10-2019
Եվրո-2020. Հայաստանի հավաքականը բաց թողեց պատմական շանսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17169 դիտում
23:14 21-09-2021
Բայդենը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փակել է անվերջ պատերազմների դարաշրջանը
Այս բաժնից
964 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»